Անցած 10 տարիները եղել են բարդ, մարտահրավերներով լի, բայց պետականության, անվտանգության ամրապնդման տարիներ

Անցած 10 տարիները եղել են բարդ, մարտահրավերներով լի, բայց պետականության, անվտանգության ամրապնդման տարիներ

Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամներն ապրիլի 11-ի նիստում ամփոփել և կարծիք են հայտնել ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 10 տարիների արդյունքները: Այս մասին կուսակցության ԳՄ նիստի ավարտին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Դժվար է գերագնահատել Սերժ Սարգսյանի ներդրումը ՀՀ ամրապնդման գործում: Դեռ առիթ կլինի, մենք մանրամասն կանդրադառնանք այդ 10 տարիներին ու ոլորտ առ ոլորտ կներկայացնենք բոլոր ձեռքբերումները: Այդ 10 տարիները եղել են բարդ, մարտահրավերներով լի, բայց, միևնույն ժամանակ, պետականության, անվտանգության ամրապնդման տարիներ: Ակնհայտ է, որ 2008-ի Հայաստանը և 2018-ի Հայաստանը տարբեր են ժողովրդավարության զարգացման, անվտանգության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, արտաքին նախաձեռնող քաղաքականության, Արցախի հիմնահարցում ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքն ամրապնդելու առումով»,- նշեց Շարմազանովը՝ հավելելով, որ, բնականաբար, եղել են նաև թերություններ:

«Քննարկել ենք նաև Կարեն Կարապետյանի կառավարության 1.5 տարվա գործունեությունը: Շնորհակալություն ենք հայտնել 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանին իր պետականամետ, ազգային գործունեության համար, ինչպես նաև շնորհակալություն ենք հայտնել կառավարության բոլոր անդամներին, և, մասնավորապես, Կարեն Կարապետյանին այս 1.5 տարվա արդյունքների համար»,- շեշտեց Շարմազանովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում