Ադրբեջանի ընդդիմադիր Ազգային խորհուրդը չի ճանաչում նախագահական ընտրությունների արդյունքները

Ադրբեջանի ընդդիմադիր Ազգային խորհուրդը չի ճանաչում նախագահական ընտրությունների արդյունքները

Ադրբեջանի ընդդիմադիր Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը, որը բոյկոտել էր նախագահական ընտրությունները, չի ճանաչում դրանց արդյունքները:

Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Ազգային խորհուրդը հայտարարել է, որ ապրիլի 11-ին կայացած նախագահական արտահերթ ընտրությունները խախտել են Ադրբեջանի միջազգային պարտավորությունները և հակասել երկրի սահմանադրությանը:

Ընդդիմադիր ուժի փոխանցմամբ` ընտրությունները չեն արտացոլում ժողովրդի կամքը և լեգիտիմ չեն:

Ընդդիմադիրները նշել են, որ իրականում ընտրություններին մասնակցել է ընտրողների 15-16 տոկոսը և որ քվեների մյուս մասը կեղծիքների արդյունք է:

«Ընտրության ընթացքում իրականացվել են նախորդ ընտրությունների կեղծիքները, կազմակերպվել են «կարուսելներ», մեկ անձը քվեարկել է մի քանի անգամ: Տեղի են ունեցել լցոնումներ»,-նշվում է Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի հայտարարության մեջ:

Ազգային խորհրդի ներկայացուցիչները նշել են, որ շարունակելու են Ադրբեջանում արդար ընտրությունների համար մղվող պայքարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում