Կառավարությունը էներգետիկ ծախսերի կրճատման միջոցներ կձեռնարկի

Կառավարությունը էներգետիկ ծախսերի կրճատման միջոցներ կձեռնարկի

Կառավարության ապրիլի 12-ի նիստում վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն անդրադարձել է էներգախնայողական ռեժիմներին և հիշեցրել, որ 2017 թվականի փետրվարի 2-ին ընդունվել է կառավարության էներգախնայողության գործողությունների ծրագրի երկրորդ փուլը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, կարևորելով Էներգետիկ անկախության ամրապնդման քաղաքականությունը և պետական հաստատուն ծախսերի արդյունավետ օգտագործման, կրճատման խնդիրները՝ Կարեն Կարապետյանը հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների պաշտոնակատարներին և ղեկավարներին, մարզպետներին հանձնարարել է խիստ պահպանել նշված ծրագրով սահմանված գործողությունների կատարումը և ձեռնարկել միջոցներ էներգետիկ ծախսերի կրճատման, էներգախնայողության ռեժիմների ներդրման ուղղությամբ։

Կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարվել է սահմանել վերահսկողություն առաջին կետով նախատեսված գործողությունների վերաբերյալ և պարբերաբար զեկուցել ընթացքի վերաբերյալ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում