Հայաստանը Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին նախապատրաստվում է ըստ ժամանակացույցի. Նալբանդյանն ընդունել է ՖՄԿ պատվիրակությանը

Հայաստանը Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին նախապատրաստվում է ըստ ժամանակացույցի. Նալբանդյանն ընդունել է ՖՄԿ պատվիրակությանը

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 12-ին ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության պատվիրակությանը՝ Գլխավոր քարտուղարի աշխատակազմի ղեկավար Ժան-Լուի Ատանգանա-Ամուգույի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Հանդիպման օրակարգում էին և հանգամանալից քննարկվեցին հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի և հարակից միջոցառումների նախապատրաստական աշխատանքները:

Այդ համատեքստում ՖՄԿ պատվիրակության անդամները Էդվարդ Նալբանդյանին ներկայացրեցին Երևանում տարբեր գերատեսչությունների և կազմակերպությունների հետ հանդիպումների արդյունքները և ձեռք բերված պայմանավորվածությունները։ ՖՄԿ քարտուղարության պատվիրակության անդամները գոհունակությամբ նշեցին, որ բոլոր ծրագրված աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի, որոշ հարցեր կարգավորված են նույնիսկ մինչև ժամանակացույցով նշված ժամկետները։

Շնորհակալություն հայտնելով գագաթաժողովի նախապատրաստմանն առնչվող հարցերոմ ՖՄԿ քարտուղարության համակողմանի աջակցության համար՝ Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը մոբիլիզացրել է բոլոր ռեսուրսները Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովն ամենաբարձր մակարդակով կազմակերպելու համար»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում