Իրավիճակը ԼՂ-ում, Հայաստանի սահմանին միշտ եղել է անհանգստացնող

Իրավիճակը ԼՂ-ում, Հայաստանի սահմանին միշտ եղել է անհանգստացնող

Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների հարցերով ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովի կարծիքով, իրավիճակը Ղարաբաղում, Հայաստանի սահմանին միշտ եղել է անհանգստացնող: Քաղաքագետը, արձագանքելով ադրբեջանական զինուժի կողմից վերջին օրերին Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ հաճախակիացած կրակոցներին և ՀԱՊԿ արձագանքման հնարավորությանը, նշեց, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, որի անդամ է Հայաստանը, հետևում է սահմանին իրավիճակի զարգացումներին:

Տարասովի խոսքով, դժվար է մեկնաբանել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող զարգացումները, որովհետև դրանք, կարծես թե, ստանդարտ են դարձել:

«Այստեղ պետք է նկատել, որ երկու կարևոր քաղաքական իրադարձություն տեղի ունեցավ. Հայաստանում և Ադրբեջանում նախագահներ ընտրվեցին: Հիմա հարցն այն է, թե ինչպես կընթանա կողմերի միջև երկխոսությունը, ինչ պայմաններով, կվերսկի այն ընդհանրապես, արդյոք կողմերը կփորձեն դուրս գալ փակուղուց և այլն: Պետք է սպասել զարգացումների»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ստանիսլավ Տարասովը:

Այն հարցին՝ քանի որ կրակոցները Հայաստան-Ադրբեջան սահմանին են, թիրախավորվել են քաղաքացիական օբյեկտները, արդյոք ՀԱՊԿ-ի կողմից արձագանքելու անհրաժեշտություն կա, Ստանիսլավ Տարասովը նշեց, որ առայժմ դրա կարիքը չկա: «Առայժմ ինչ-որ հայտարարություններ անելու կարիք չեմ տեսնում, Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, իսկ ՀԱՊԿ-ը հետևում է գործընթացին»,-ասաց Ստանիսլավ Տարասովը:

Ադրբեջանի զինված ուժերն ապրիլի 12-ի ուշ երեկոյան կրակ են բացել Բաղանիսի մոտ գտնվող հայկական քաղաքացիական բեռնատարի վրա։ Իսկ դրանից ավելի վաղ՝ ապրիլի 7-ին և ապրիլի 7-8-ի գիշերը, Ադրբեջանի զինված ուժերըՆախիջևանի հատվածում կրակ էին արձակել հայկական զինված ուժերի ուղղությամբ։ ՀՀ զինված ուժերը պատասխան գործողություններով լռեցրել էին հակառակորդին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում