Լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունը հավասարվել է զրոյի. ԽԱՊԿ-ը եռամյակի ամփոփում է ներկայացնում

Լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունը հավասարվել է զրոյի. ԽԱՊԿ-ը եռամյակի ամփոփում է ներկայացնում

Լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունները նվազել են, սակայն տեղեկություն ստանալու և տարածելու իրավունքի խախտումներն՝ ավելացել։

Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, ով ասուլիսը սկսեց լավ և վատ լուրերով։

Նրա խոսքով՝ լավ լուրերից է այն, որ լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպք 2018 թվականին հունվարի-մարտ ամիսներին չի գրանցվել և ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումները նվազել են 2017 թվականի համեմատ։

«Շատ քիչ են պատահում նմանատիպ դեպքեր, և սա շատ ուրախալի փաստ է, և լավ կլիներ, որպեսզի այս միտումը շարունակվեր։ Վատ լուրն էլ այն է, որ տեղեկություններ ստանալու, տարածելու իրավունքի խախտումներն ավելացել են։ Սա իշխանությունների փակ գործելաոճի անցնելու արդյունք էր։ 2018 թվականի առաջին եռամսյակը խոսքի և տեղեկատվության ազատությունների լրագրողական գործունեության սահմանափակումներ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունների բուռն ժամանակաշրջան էր»,- նշեց Մելիքյանը և հավելեց, որ իշխանություններն ընդունել են այնպիսի օրենքներ, որոնք լուրջ սահմանափակումներ են մտցնում լրագրողական գործունեության մեջ։

Մյուս կողմից՝ սա համեմատաբար հանդարտ ժամանակահատված էր։ Լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների բացակայության, ինչպես նաև ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների մասնագիտական գործունեության խոչընդոտելու քանակի նվազման առումով։ Դա երևում է ստորև ներկայացվող 2017 և 2018 թվականների առաջին եռամսյակների տվյալների համեմատությամբ։

2017 թվականի առաջին եռամսյակին լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 3, ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների 32 և տեղեկություններ ստանալու և դրանք տարածելու իրավունքի խախտումների 5 դեպք է արձանագրվել։

2018 թվականի առաջին եռամսյակում տեղի ունեցած խախտումների քանակական տվյալներն են. նկատվել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության ոչ մի, ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների 12 դեպք ։ Սույն թվականին տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներն ավելացել են՝ հասնելով 14-ի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում