«Հայկական ապրանքանիշ» ֆեյսբուքյան էջի և «Օրիգանում»-ի «ազգակցական կապը»

«Հայկական ապրանքանիշ» ֆեյսբուքյան էջի և «Օրիգանում»-ի «ազգակցական կապը»

Հայ օգտատերերի մեծ բանակ ունեցող Ֆեյսբուքում հայկական արտադրության ապրանքները միատեղած «Հայկական ապրանքանիշ» էջն ունի երեք տարվա պատմություն: Թե այդ ընթացքում քանի արտադրողի մասին է արդեն հասցրել իրազեկել այն, դժվար է ասել, բայց որ արդեն մոտ 11 հազար հետևորդ ունի, և հիշյալ սոցիալական ցանցում հայկական արտադրության ապրանքների մասին ինֆորմացիա տվող ամենահագեցած աղբյուրն է, միանշանակ է։ Էջի միջոցով հայկականը պրոպագանդելու ու հայ արտադրողին օգնելու ցանկությունը ծագել է տեղական որակյալ արտադրանքին նախապատվություն տվող Ֆլորա Վարդանյանի մոտ ու անմիջապես էլ իրականություն դարձել։

Էջը բացելուց երկու տարի անց Ֆլորա Վարդանյանը համալրեց հայ կին գործարարների շարքը՝ հիմնելով «Օրիգանում» ապրանքանիշը։ Գրեթե ամեն օր օնլայն հարթակում առնչվելով հայ արտադրողների առաջարկած ապրանքներին՝ երիտասարդ մայրիկը նկատեց, որ տեղական արտադրության մանկական պարագաների, մասնավորապես՝ ձեռագործ ծածկոցների պատրաստ տեսականի չկա։ Ու այդ բացը որոշեց անձամբ լրացնել։

«Ես գործելուց հասկանում եմ ու, կարծում եմ, որ շատ կարևոր է սկսել ու զբաղվել այնպիսի բանով, որից գաղափար ունես։ Եթե քո գործին գիտակ ես լինում, հաստատ, ավելի մեծ հաջողություն ես ունենում։ Ճիշտ է, գործարարության մեջ առանցքային նշանակություն ունի նաև կազմակերպչական ջիղը, բայց դրանք մեկը մյուսին ոչ մի դեպքում չեն խանգարում, այլ միայն օգնում են»,-համոզված է «Օրիգանում»-ի հիմնադիր-տնօրենը։

Ֆլորա Վարդանյանի դեպքում այս երկու հատկանիշներին ավելանում է գործի հանդեպ մեծ պատասխանատվությունն ու սկզբունքայնությունը։ «Օրիգանում»-ի աշխատանքային թիմում ընդգրկվելը, պարզվում է, հեշտ չէ. քիչ շյուղագործների ու հելյունագործների է հաջողվում գոհացնել Ֆլորային. «Ամեն շյուղ շարժող դեռ շյուղագործ չէ, դա արվեստ է, պետք է զգալ նախշը, գույնը, ստեղծագործ լինել։ Ձեռքի աշխատանքի առանձնահատկությունն այն է, որ դրա մեջ հոգի է դրվում։ Ցավոք, պրոֆեսիոնալ շյուղագործներն ու հելյունագործները շատ քիչ են»։

Դժվարությամբ, բայց Ֆլորային հաջողվել է շնորհալի թիմ հավաքել, նրան փոխանցել աշխատանքի կարևոր սկզբունքները, երբեմն էլ բարձր ճաշակ թելադրել պոտենցիալ գնորդին։ «Մենք սպառողին առաջարկում ենք գունային, դիզայնի ու տարվա թրենդին համապատասխան լուծումներով մանկական ծածկոցներ (ծածկոց և վերմակ՝ միասին կամ առանձին) ու գորգեր, տան ինտերիերի պարագաներ, օրինակ՝ արոմա բարձեր։ Շուտով կներկայացնենք նաև հելյունագործ կողովներ, ձեռագործ նույնանման պայուսակներ՝ մոր և մանկան համար և այլն։ Եթե հաճախորդը մեր առաջարկած տեսականուց թեթևակի տարբերվող ապրանք է ուզում, որը չի հակասում ապրանքանիշի ոճին, մենք, բնականաբար, համաձայնության ենք գալիս, իսկ եթե, ասենք, իրար հետ չխոսող գունային համադրություն է ուզում, չենք ընդունում, քանի որ «Օրիգանումն» իր ոճն ունի»-ասում է Ֆլորա Վարդանյանը։

Ոչ միայն արտաքին տեսքի, այլև որակի հարցում է ապրանքանիշի հիմնադիրը խիստ պահանջկոտ։ Հատկապես մանկական ծածկոցները, որոնք «Օրիգանում»-ի այցեքարտն են դարձել ու ամենամեծ պահանջարկն ունեն, բացառապես բամբակյա թելերով են գործում։

Որակն ու դիզայնը մանկականից ոչ պակաս ներդաշնակ են նաև տան ինտերիերի պարագաներում։ Արոմա բարձերն, օրինակ, որոնք, ի դեպ, աշխարհում այնքան էլ տարածված չեն, տան ինտերիերը լրացնելուց բացի, հանգստացնող հատկություն էլ ունեն։ Բարձի երկու միջուկներից մեկում ծաղիկների կոմպոզիցիա է դրված, որի հիմնական բաղադրիչը հենց օրիգանումը կամ խնկածաղիկն է։ Այսպես՝ Ֆլորայի սիրելի ծաղիկը՝ խնկածաղիկը, կարևոր դեր խաղաց երիտասարդ գործարարի գործնական կյանքում՝ դառնալով նրա ստեղծած ապրանքանիշը։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում