«Ժողովուրդ». ՊԵԿ դիմակավորված աշխատակիցները կոտրել են «Քեթրին Գրուպ» ՍՊԸ պահեստի հատուկ պահոցները

«Ժողովուրդ». ՊԵԿ դիմակավորված աշխատակիցները կոտրել են «Քեթրին Գրուպ» ՍՊԸ պահեստի հատուկ պահոցները

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանի և ՊԵԿ-ի ջրերը մեկ առվով չեն հոսում: Երեկ տեղեկություններ տարածվեցին, որ ՊԵԿ դիմակավորված աշխատակիցները կոտրել են «Քեթրին Գրուպ» ՍՊԸ պահեստի հատուկ պահոցները և լուրջ ստուգումներ են սկսել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորի ընտանիքին պատկանող ընկերությունում: Մասնավորապես ստուգումներ են սկսվել Պողոսյանի ընտանիքին պատկանող «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ում, «Մ.Մ.Մ.» ընկերությունում, «Չայխոնա» և այլ հիմնարկներում։

Նկատենք, որ մինչ այս ստուգումները ՊԵԿ-ը տուգանել էր «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ին, և ՍՊԸ-ն այդ որոշումները բողոքարկել է դատարանում: Ավելին` ըստ մեզ հասած լուրերի` Մ.Պողոսյանի մտերիմ շրջապատը հայտարարել է, որ նա վճռական է տրամադրված և ՀՀ բոլոր ատյանները դիմելու է` իր ընտանիքին պատկանող ընկերությունների դեմ անհիմն տուգանքները չեղարկելու համար:

«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ փորձեց անձամբ զրուցել նրա հետ, սակայն մեր փորձերն անցան ապարդյուն: Մեկ փաստ էլ. ՎՊ-ն լրջագույն չարաշահումներ է բացահայտել ԴԱՀԿ-ում, և դրանց մի մասն առնչվում է Պողոսյանի պաշտոնավարմանը: ՎՊ-ն փաստերն ուղարկել է դատախազություն»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում