Սիրիայի օբյեկտները հրթիռակոծելուց հետո զարգացումները կտեղափոխվեն քաղաքական, տեղեկատվական դաշտ

Սիրիայի օբյեկտները հրթիռակոծելուց հետո զարգացումները կտեղափոխվեն քաղաքական, տեղեկատվական դաշտ

Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից Սիրիայի օբյեկտները հրթիռակոծելուց հետո զարգացումները կտեղափոխվեն քաղաքական, տեղեկատվական դաշտ: Արաբագետ Արմեն Պետրոսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում քիչ հավանական համարեց ռազմական գործողությունների շարունակությունը:

«Փաստացի այս հրթիռակոծումը կարելի է դիտարկել վերջին օրերին սիրիական հակամարտության շուրջ ծավալված լարվածության հանգուցալուծում: Տեղի ունեցած իրադարձությունները խոսում են այն մասին, որ ամենայն հավանականությամբ, սրանով, կարծես թե, լարվածության ռազմական փուլը կավարտվի: Մեծ հավանականություն կա, որ հետագա գործընթացները կտեղափոխվեն առավելապես տեղեկատվական, քաղաքական հարթություն: Հիմքեր կստեղծվեն սիրիական հակամարտության կարգավորմանը միտված նոր քաղաքական գործընթացի համար»,-ասաց Արմեն Պետրոսյանը:

Արաբագետը նկատեց, որ Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից հարվածները հստակ թիրախավորված էին, սա նշանակում է, որ հարվածող կողմը մեկ նպատակ է հետապնդում, պատժել կատարված քիմիական հարձակման դիմաց:

«Ակնկալվում է, որ հրթիռակոծությանն ուղղված պատասխանները կլինեն քաղաքական դաշտում»,-ասաց Արմեն Պետրոսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում