Իրանի հոգևոր առաջնորդը ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ղեկավարներին հանցագործ է անվանել

Իրանի հոգևոր առաջնորդը ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ղեկավարներին հանցագործ է անվանել

Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին Սիրիայի դեմ ապրիլի 14-ի վաղ առավոտյան իրականացված հարձակումներից հետո Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարներին հանցագործ է անվանել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Սիրիայի վրա իրականացված հարձակումը հանցագործություն է, իսկ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահները և Մեծ Բրիտանիայի վարչապետը հանցագործներ են»,- Խամենեիի խոսքերը մեջբերել է իրանական Tasnim գործակալությունը: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները Սիրիայում իրականացված հանցագործությամբ որևէ արդյունքի չեն հասնի:

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան սիրիական ռազմական ու քաղաքացիական օբյեկտների վրա բաց են թողել ավելի քան 100 հրթիռ: Հարվածներն իրականացվել են ինչպես ծովից, այնպես էլ օդից: Օգտագործվել են ինչպես թևավոր հրթիռներ, այնպես էլ «օդ-ցամաք» տեսակի հրթիռներ:

Հրթիռների մեծ մասը ոչնչացվել են սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերի միջոցով:

Սպիտակ տունը հիմնավորել է հարձակվելու որոշումը սիրիական Դումա քաղաքում տեղի ունեցած միջադեպով, որտեղ, համաձայն որոշ տեղեկությունների, կիրառվել է քիմիական զենք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում