Նիկոլ Փաշինյանը հայտարարել է հետագա քայլերի մասին

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է հետագա քայլերի մասին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարել է «Իմ քայլը» նախաձեռնության շրջանակներում հետագա ծրագրերի մասին: ԱԺ «Ելք» խմբակցության, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ Երևանում՝ Ֆրանսիայի հրապարակում կանցկացնեն հանրահավաք, ինչպես նաև՝ ավտոերթ դեպի Ծաղկաձոր:

Ֆրանսիայի հրապարակում մի խումբ քաղաքացիներ ապրիլի 14-ի գիշերը վրաններ են խփել ու գիշերել: Նրանք, շրջակա տարածքներից հանելով տեղադրված նստարանները, հրապարակը օղակել են, փակել երթևեկությունը:

Տրանսպորտային միջոցները փոխել են երթուղին և Մաշտոցի պողոտա են հասնում շրջանցելով Օպերայի և բալետի Ազգային ակադեմիական թատրոնի հատվածը:

Նիկոլ Փաշինյանը երկշաբաթյա քայլերթ էր կազմակերպել, Գյումրիից եկել Երևան` ոտքով կտրել անցնելով 212 կիլոմետր և կատարելով շուրջ 320 հազար քայլ: Ապրիլի 13-ի երեկոյան հանրահավաքից հետո նրանք փակ են պահել Ֆրանսիայի հրապարակը:

ՀՀ ոստիկանությունը հայտարարել է, որ հասարակական վայրերում գիշերային ժամանակ (23.00-ից մինչև 07.00-ն) լռությունը խախտելը համարվում է վարչական իրավախախտում: Ֆրանսիայի հրապարակում հատվող փողոցները մայրաքաղաքի համար կենսական նշանակության ճանապարհներ են, որոնցով երթևեկող ՀՀ քաղաքացիների համար արդեն իսկ առաջացել են տեղաշարժման սահմանափակումներ և անհարմարություններ:Հավաքի բնականոն ընթացքի ապահովման ուղղությամբ միջոցներ չձեռնարկելը, հավաքի վայրում կարգադրիչների բացակայությունը, ոստիկանության ներկայացուցիչների հետ չհամագործակցելը, հավաքի մասնակիցների կողմից համայնքային սեփականություն հանդիսացող գույքի տեղափոխումը հավաքի վայր փաստում են, որ հավաքի կազմակերպիչներն ամբողջությամբ չեն վերահսկում իրադրությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում