Եթե մարտավարական տեսանկյունից շահեցին իշխանությունները, արդյունավետության առումով շահեց «Ազատություն» ռադիոկայանը

Եթե մարտավարական տեսանկյունից շահեցին իշխանությունները, արդյունավետության առումով շահեց «Ազատություն» ռադիոկայանը

Բնականաբար ժողովրդավարության ցուցիչների անբաժանելի մասն են յուրաքանչյուրի այլակարծության ապահովումն ու քաղաքական պայքար մղելու իրավունքի իրացման հնարավորությունը։

Սակայն որպեսզի այդ քաղաքական պայքարը բացի ակնկալվող արդյունքներից, չվնասի նաև մասնակիցներին, անհրաժեշտ է մարտավարության մշակում ու քայլեր, որոնք իշխանությանը կզրկեն արդարացված հակազդման գործողությունների դիմելուց։ Բայց եթե քաղաքական պայքարն ընթանում է հախուռն ու պահի ազդեցության տակ ընդունվող որոշումներով, ապա Լևոն Տեր-Պետրոսյանի ձևակերպմամբ, վերածվում է արկածախնդրության։

«Հանրային ռադիո» ներխուժումը սխալ էր և մարտավարական, և արդյունավետության առումով։

Մարտավարական առումով սխալ էր այն պատճառով, որ այդ քայլը կարող էր հանգեցնել իրավապահ մարմինների դիմադրությանն ու այդ պահի համար արդարացված հակազդմանը, քանի որ հանրային ռադիոն պետության կողմից պահպանվող կարևորագույն տարածքներից է։ Այն կարող էր հանգեցնել ներխուժումն իրականացնողների իրավական պատասխանատվությանը։

Եթե ակցիայի կազմակերպիչներից մի քանիսն ունեն մանդատներ ու օժտված են պատգամավորական անձեռնմխելիությամբ, ապա նույնը չես կարող ասել մյուսների համար։

Իհարկե կարող են ասել, որ հեղափոխության կամ հեղաշրջման գնալիս նման քայլերը պայքարի մի մասնիկն են կազմում ու դրանում ճշմարտություն կա, սակայն նման քայլի դիմում են, երբ ունենում են հասարակության աջակցությունը ոչ միայն ֆեյսբուքում, այլև նույն հասարակության բազմահազարանոց ֆիզիկական ներկայությունն ու վա-բանկ գնալու վճռականությունը։

Ուստի կրիտիկական մասսայի բացակայության պարագայում գնալ նման վճռական քայլի, նշանակում է իշխանություններին տալ բոլոր հնարավորություններն այդ պայքարը ճնշելու ու ակտիվիստներին իրավական պատասխանատվության ենթարկելու։

Բարեբախտաբար իշխանությունները զերծ մնացին կոշտ քայլերից ու բավարարվեցին միայն ոստիկանության հայտարարությամբ։

Ստացվեց, որ ընդդիմությունը իր այս քայլով արեց հնարավորինս, որպեսզի մարտավարական առումով ներկա պահին շահեկան վիճակում հայտնվեն իշխանություններն ու ընդդիմությունից առավել հանդուրժող ներկայանան։

Իսկ քայլի արդյունավետությունը պարզապես զրո է, չհաշված կարճատև էյֆորիկ վիճակը։ Ընդամենը ջահելներն ուրախացան, ոգևորվեցին, մի քանիսը ֆեյսբուքում ողջույններ հղեցին, մի քանիսը նույն ֆեյսբուքում հակառակ կարծիքն ունեցողներին անպատվեցին, վիրավորեցին ու ամեն ինչ ավարտվեց։

21-րդ դարում հանրային ռադիո մտնելն ու ուղիղ եթեր պահանջելը պարզապես զավեշտ է։ Եթե Լենինին նման ճանապարհներով հաջողվեց գալ իշխանության, դա դեռ չի նշանակում, որ այդ ճանապարհն արդյունավետ է նաև այսօր։

Առավել ևս, երբ կողքովդ քայլում է մի լրատվամիջոց, որի սփռման տարածքն ավելի մեծ է, քան հանրային ռադիոյինը։ Մի լրատվամիջոց, որը վաղուց է քաղաքական գործընթացների օբյեկտիվ վերլուծողից ու ներկայացնողից վերածվել գործընթացների կողմի։

Ըստ այդմ, եթե մարտավարական տեսանկյունից շահեցին իշխանությունները, արդյունավետության առումով շահեց միայն «Ազատություն» ռադիոկայանը։

Իսկ ի՞նչ շահեցին այն քաղաքացիները, ովքեր իսկապես ընդդիմադիր են ու իսկապես հույս ունեն որ միայն իշխանափոխությամբ է հնարավոր հասնել ակնկալիք փոփոխությունների։ Կարելի է ասել, ոչինչ։

Կարեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում