Սերժ Սարգսյանն արդարացված է համարում ԵԱՏՄ-ին միանալու Հայաստանի որոշումը

Սերժ Սարգսյանն արդարացված է համարում ԵԱՏՄ-ին միանալու Հայաստանի որոշումը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ճիշտ է համարում Հայաստանի որոշումը՝ միանալ Եվրասիական տնտեսական միությանը: Այս մասին Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից վարչապետի պաշտոնում առաջադրված Սերժ Սարգսյանը ասել է ռուսական «Известия»-ի հետ զրույցում՝ պատասխանելով հարցին,թե արդյոք արդարացված էր Հայաստանի որոշումը՝ հաշվի առնելով, որ ժամանակին երկրին առաջարկում էին ասոցացում Եվրամիության հետ:

«Մենք երբեք չենք փորձել օգուտ քաղել հակամարտություններից ու հակասություններից: Մշտապես բացահայտ խոսել ենք մեր համոզմունքների ու առաջնահերթությունների մասին: Չէ որ դա ամենաբարենպաստ իրադրությունն է, երբ երկխոսության միջոցով հնարավոր է ընթանալ առաջ: Կարծում եմ, որ մեր որոշումն, անկասկած, արդարացված էր ինչպես տնտեսության, այնպես էլ մեր քաղաքացիների կողմից աջակցություն ստանալու տեսանկյուններից: Ղեկավարի կամ իշխող օրգանների համար ամենակարևորն եմ համարում մշտապես այնպիսի որոշումների ընդունումը, որոնք հնարավոր կլինի իրագործել կյանքում: Եվ, իհարկե, այստեղ անհրաժեշտ է ժողովրդի աջակցությունը: Ես չեմ խոսում պոպուլիզմի մասին, քանի որ ցանկացած մասշտաբային վերափոխումների սկզբնական փուլում, որպես կանոն, դրանք ոգևորվածությամբ չեն ընդունվում հասարակության կողմից: Ուրախալի է, որ այս որոշումն աջակցություն է ստանում մեր քաղաքացիների կողմից»,- ասել է Սարգսյանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչպես է ԵԱՏՄ-ին միանալուց հետո Հայաստանին հաջողվել պահպանել ամուր փոխգործակցությունը Եվրամիության հետ՝ ՀՀ երրորդ նախագահն ընդգծել է. «Իսկապես, ԵՄ անդամների և հենց Եվրամիության հետ մենք պահպանել ենք սերտ և դրական հարաբերությունները՝ չմոռանալով այն պարտավորությունների մասին, որոնք ստանձնել ենք այլ ինտեգրացիոն միություններում: Մենք ազնիվ էինք բանակցություններում և արել ենք ամեն բան, ինչ ասել ենք: Չենք փորձել որևէ մեկին խաբել, ժամանակ շահել, մեկի հաշվին շրջանցել մյուսին: Դա մեր մոտեցումը չէ: Հայաստանի համար «կամ-կամ» մոտեցումն ընդունելի չէ: Մեզ համար հարմար է «և՛, և՛»-ը: Այսօր, լինելով ԵԱՏՄ անդամ, լավ հարաբերություններ ունենք Եվրամիության ու Եվրոպայի երկրների հետ: Եվ այս մասին, ի դեպ, խոսվել է Մյունխենի անվտանգության համաժողովում, որտեղ թե՛ ռուսական կողմը, թե՛ Եվրամիությունը բերում էին Հայաստանի օրինակը որպես օրինակելի երկիր, որը մշտապես պատրաստ է գնալ երկխոսության»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում