Փաշինյանը Բաղրամյան պողոտայից տարվել է ոստիկանական մեքենայով. որոշ տեղեկություններով՝ հոսպիտալացվել է

Փաշինյանը Բաղրամյան պողոտայից տարվել է ոստիկանական մեքենայով. որոշ տեղեկություններով՝ հոսպիտալացվել է

Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան պողոտայից տարվել է ոստիկանական մեքենայով: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը: Տեղում հստակ տեղեկություն չկան, թե կոնկրետ ուր է տարվել Փաշինյանը. մի մասը նշում է, որ նա հոսպիտալացվել է, քանի որ ուներ վնասվածք:

Ոստիկանությունից ևս դեռևս չեն պարզաբանում, թե որ ուղղությամբ է նա տարվել՝ նշելով, որ պաշտոնական հաղորդագրությամբ կհայտնեն դրա մասին: «Արմենպրես»-ը փորձում է մոտ գտնվող բժշկական կենտրոններից պարզել՝ արդյոք իրենց մոտ է Փաշինյանը:

Մինչ այդ, Նիկոլ Փաշինյանն ու կողմնակիցները սրեցին իրավիճակը Բաղրամյան պողոտայում: Փաշինյանը բոլորին Ֆրանսիայի հրապարակից տեղափոխեց Բաղրամյան պողոտա՝ նշելով, որ ցանկանում է գնալ աշխատավայր՝ Ազգային ժողով: Նա «Ելք» խմբակցության մի քանի պատգամավորների հետ մտադիր էր անցնել ոստիկանական շղթայի միջով, և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Վալերի Օսիպյանը, բանակցելով նրա հետ, համաձայնեց նրան և պատգամավորներին թույլ տալ անցնել պատնեշն ու գնալ դեպի խորհրդարան: Փաշինյանը, սակայն, սկսեց հայտարարել, որ մենակ չի գնալու, այլ իր հետ եկածները ևս պետք է անցնեն ոստիկանական ուժերի միջով: Հանդարտության պահպանելու, հակաօրինական քայլեր չանելու Օսիպյանի հորդորին ի պատասխան Փաշինյանը բարձրացավ երկաթե արգելապատնեշի վրա, որից հետո արդեն իրավիճակը դարձավ անկառավարելի: Նրա կողմնակիցները երկաթե արգելապատնեշները բարձրացրին գետնից ու դրանք սկսեցին ուղղել ոստիկանների կողմ: Սկսվեց հրմշտոց: Փաշինյանի կողմնակիցները բարձրացան անգամ այնտեղ կայանված մի մեքենայի վրա: Իրավիճակի Բաղրամյան պողոտայում խիստ լարվեց: Ոստիկանությունն այնտեղ մետաղական փշալար անցկացրեց, կիրառեց ծուխ արձակող հատուկ միջոց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում