Փաշինյանը հիվանդանոցից դուրս եկավ և ուղևորվեց Բաղրամյան պողոտա

Փաշինյանը հիվանդանոցից դուրս եկավ և ուղևորվեց Բաղրամյան պողոտա

Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել «Նաիրի» բժշկական կենտրոնից և ուղևորվել դեպի Բաղրամյան պողոտա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրա աջ ձեռքը վիրակապված է, քանի որ Բաղրամյան պողոտայում անցել է մետաղական փշալարի միջով: Նրա առողջական վիճակը նորմալ է, լուրջ վնասվածքներ չի ստացել:

Մինչ նրան հիվանդանոց տեղափոխելը, Նիկոլ Փաշինյանն ու կողմնակիցները սրել էին իրավիճակը Բաղրամյան պողոտայում: Փաշինյանը բոլորին Ֆրանսիայի հրապարակից տեղափոխել էր Բաղրամյան պողոտա՝ նշելով, որ ցանկանում է գնալ աշխատավայր՝ Ազգային ժողով: Նա «Ելք» խմբակցության մի քանի պատգամավորների հետ մտադիր էր անցնել ոստիկանական շղթայի միջով, և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Վալերի Օսիպյանը, բանակցելով նրա հետ, համաձայնեց նրան և պատգամավորներին թույլ տալ անցնել պատնեշն ու գնալ դեպի խորհրդարան: Փաշինյանը, սակայն, սկսեց հայտարարել, որ մենակ չի գնալու, այլ իր հետ եկածները ևս պետք է անցնեն ոստիկանական ուժերի միջով: Հանդարտության պահպանելու, հակաօրինական քայլեր չանելու Օսիպյանի հորդորին ի պատասխան Փաշինյանը բարձրացավ երկաթե արգելապատնեշի վրա, որից հետո արդեն իրավիճակը դարձավ անկառավարելի: Նրա կողմնակիցները երկաթե արգելապատնեշները բարձրացրին գետնից ու դրանք սկսեցին ուղղել ոստիկանների կողմ: Սկսվեց հրմշտոց: Փաշինյանի կողմնակիցները բարձրացան անգամ այնտեղ կայանված մի մեքենայի վրա: Իրավիճակի Բաղրամյան պողոտայում խիստ լարվեց: Ոստիկանությունն այնտեղ մետաղական փշալար անցկացրեց, կիրառեց ծուխ արձակող հատուկ միջոց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում