Նիկոլ Փաշինյանը հաղթեց հասարակությանը

Նիկոլ Փաշինյանը հաղթեց հասարակությանը

Այն, ինչ առավոտյան արեցին Նիկոլ Փաշինյանն ու իր կուսակիցները, իրոք կարելի է որակել հաղթանակ: Սակայն հաղթանակ ոչ թե իշխանությունների, այլ հասարակության նկատմամբ: Չեմ կարծում գրագիտության պակասն էր նման վարվելակերպի պատճառը, այլ ավելի շուտ քաղաքական փորձառության, քանի որ հաճախ երբ մարդիկ հայտնվում են ոչ այնտեղ, որտեղ իրենց տեղն է, դրանից տուժում են ոչ միայն այլք, այլ հենց ինքը՝ սխալ տեղում հայտնվածը:

Քաղաքացիական անհնազանդության իմաստը պետական մարմինների աշխատանքը կաթվածահար անելն է, պետական համակարգի պարալիզացումը, այլ ոչ հանրության տեղաշարժի արգելափակումն ու հանրության պարալիզացումը:

Սույն քաղաքացիական անհնազանդությունը շանտաժ էր հայաստանյան, մասնավորապես երևանյան հասարակության դեմ:

Մի բան պետք է գիտակցել, բռնի ուժով, զոռբայությամբ առաջնորդ չեն դառնում: Մարդկանց աշխատանքի գնալու իրավունքի, ուսանողների ու երեխաների ուսումնական հաստատություններ գնալու իրավունքի ոտնահարմամբ հաղթանակի չեն հասնում: Եթե մարդը ցանկություն ունենա միանալու որևէ շարժման, նա կմիանա: Դրա համար պարտադիր չէ, որպեսզի որոշ ջահելներ (մեծամասամբ անչափահաս ու պահի ազդեցության տակ անհարկի մեծամտացած) պառկեն ավտոբուսների ու մեքենաների անիվների առջև:

Հատկապես, երբ Նիկոլ Փաշինյանը անդադար շեշտում է, որ ինքը գնալու է իր աշխատավայր, սակայն ուրիշներին իրենց աշխատավայր հասնելու հնարավորությունը սահմանափակում է: Շատ լավ իմանալով, որ ինքը երբևէ գործազուրկ չի դառնա, եթե նույնիսկ օրերով չգնա ԱԺ: Շատ լավ իմանալով, որ իր աշխատավարձից որևէ պահումներ չեն արվելու, նույնիսկ եթե ժամերով ուշանա:

Նման քամահրական մոտեցումները հարիր չեն իրական ընդդիմադրին ու հասարակության հոգսերով իրական մտահոգվողին:

Ցանկացած շարժում հզոր է, երբ լայն մասսաները այդ շարժմանը անդամագրվում են կամավոր ու ինքնաբուխ: Դրա վառ ապացույցը 2008 թվականի շարժումն էր, որի առաջնորդը Լևոն Տեր-Պետրոսյանն էր:

Այսօրվա բողոքի ակցիաներն իրենց մարդաշատությամբ, մտավոր ներուժով, գաղափարախոսությամբ նույնիսկ մոտավոր համեմատման եզր չունեն 2008թ.-ի շարժման հետ, որն ի դեպ շատ ավելի մոտ էր հաղթական արդյունք գրանցելու, քան այսօրվա Սանետիկի աղբամաններին գրոհելը:

Սակայն իր ողջ էներգետիկայով հանդերձ, Լևոն Տեր-Պետրոսյանը շարժումն առաջնորդում էր այնպիսի գրագիտությամբ ու խոհեմությամբ, որ որևէ քաղաքացու իրավունքները չոտնահարվեցին:

Որևէ մեկն այնպես չէր հարվածել ընդդիմությանը ու հասարակությանն այնպես չէր լարել ընդդիմության դեմ, որքան դա այսօր արեց հենց «ընդդիմության առաջնորդը»: Այն է՝ ակցիայիմ մասնակիցներին ու այն մարդկանց, ովքեր պարզապես ցանկանում էին հասնել աշխատավայր, հանեց իրար դեմ:

Բախումները հիմնականում տեղի էին ունենում ոչ թե ոստիկանության ու հասարակության, այլ հասարակության ու հասարակության միջև:

Ակցիայի մասնակից երիտասարդներին չի կարելի մեղադրել, նրանք այնուամենայնիվ երիտասարդ են: Այս ամենն իրենց համար կրում է ավելի շատ սպորտային, քան քաղաքական բնույթ: Ջահելներով հավաքվում են, փողոցներ փակում ու մի պահ իրենց զգում իրավիճակի տերը:

Չի կարելի մեղադրել նույնիսկ «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության ղեկավար կազմին, եթե նույնիսկ մեկ, երկուսը պատգամավոր են; Նրանք նույնպես ջահել են, հեռու քաղաքական պատկերացումներից ու անփորձ: Նրանցից ոմանք պատգամավոր են դարձել այնպես, ինչպես Ձմեռ պապին է ամանորյա նվեր դնում բարձի տակ:

Բայց այ Նիկոլ Փաշինյանը պետք է որ լավ հասկանար քայլերի հնարավոր հետևանքները:

Այստեղից կարելի է անել հետևյալ ենթադրությունները.

Կամ Նիկոլ Փաշինյանը չի գիտակցում իր կոչերի լրջությունն ու իրականում արհամարում է բոլորին, բացի սեփական անձից,

Կամ ամեն ինչ անում է գիտակցաբար, հիմքում ունենալով ընդդիմությանն անլրջացնելու ու վարկաբեկելու նպատակը (թե ում է դա ձեռնտու, թող ենթադրի ընթերցողը),
Կամ Նիկոլ Փաշինյանին ամեն գնով անհրաժեշտ են բախումներ ու արյունահեղություն, որպեսզի վերջնականապես իր ճակատին դաջի միակ ընդդիմադրի ու հանուն ազգի միակ տառապյալի իմիջը:

Արման ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում