Այսօրվա առևտրային ռեժիմները երկրի տնտեսության համար շահեկան են. տնտեսության զարգացման Սերժ Սարգսյանի տեսլականը

Այսօրվա առևտրային ռեժիմները երկրի տնտեսության համար շահեկան են. տնտեսության զարգացման Սերժ Սարգսյանի տեսլականը

Հայաստանի վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը խորհրդարանի ամբիոնից ներկայացրեց Հայաստանի տնտեսության զարգացման իր տեսլականը: Ազգային ժողովում ՀՀ վարչապետի ընտրության հարցի քննարկմանը, պատասխանելով ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի հարցին, Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ շարունակելու են դիվերսիֆիկացնել տնտեսությունը, համագործակցել բոլոր նրանց հետ, ովքեր ցանկանում են համագործակցել Հայաստանի Հանրապետության հետ: «Այդ համագործակցությունը մենք շարունակելու ենք ինչպես ինտեգրացիոն միավորումների շրջանակներում, այնպես էլ երկկողմ ձևաչափերում: Այնպես որ այսօրվա առևտրային ռեժիմները մեր երկրի տնտեսության համար շահեկան են, և այդ ռեժիմները հնարավորություն են տվել Հայաստանի ՀՆԱ-ի 37 տոկոսի արտահանման: Սա շատ լուրջ թիվ է, որին երկար ժամանակ ձգտում էինք, իսկ ինչպես գիտեք՝ մեր տնտեսական զարգացման ծրագրերում մեր ցանկությունն է, որպեսզի արտահանումն առաջիկա 2-3 տարիներին հասցվի մինչև 40 տոկոս, ապագայում 45 տոկոս և ձգտելու ենք մինչև 50 տոկոսի»,- շեշտեց նա:

Սարգսյանը հավելեց, որ շարունակելու են նախորդ կառավարությունների քաղաքականությունը, այն է՝ զարգացնելու են ավանդական բոլոր արտադրությունները, որ կան Հայաստանում՝ սկսած հանքարդյունաբերությունից մինչև սննդարդյունաբերություն, մեծ ուշադրություն են դարձնելու ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտին, որը մեր երկրում տևական ժամանակահատված է, ինչ զարգանում է 15-20 տոկոսով: «Հաջորդ նպատակադրումը տեսնում ենք նախորդ ժամանակահատվածներում Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունեցող արտադրատեսակների, արդյունաբերության տեսակների վերականգնումը: Սրա ամենացայտուն օրինակը թեթև արդյունաբերության զարթոնքն է, որ այս պահին կա Հայաստանում, սննդարդյունաբերության ոլորտում արտադրության ծավալները պետք է ավելացնենք, քանի որ այդ հնարավորությունը մենք ունենք»,- ասաց Սերժ Սարգսյանը:

ՀՀ վարչապետի թեկնածուն նաև ընդգծեց, որ վերջին ժամանակներում որոշ աշխուժություն է դիտվում նաև դեղագործության ոլորտում: Նրա գնահատմամբ՝ անելիքները շատ են, չբացահայտված հսկայական ներուժ կա տնտեսության ոլորտում: «Հայաստանում արտադրվող գյուղատնտեսական մթերքը եղած ներուժի չնչին մասն է, և տեսանելի ժամանակահատվածում՝ ընդամենը 5-7 տարում, բոլորը համոզվելու են, որ Հայաստանում գյուղատնտեսությունը զարգանում է դեպի միջին մակարդակ: Այն, ինչ զարգացած չէ, մեր ռեզերվն է»,- եզրափակեց Սերժ Սարգսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում