Մենք պատրաստ ենք խաղաղ ճանապարհով լուծել խնդիրը. Սերժ Սարգսյանի պատասխանը պատգամավորի հարցին

Մենք պատրաստ ենք խաղաղ ճանապարհով լուծել խնդիրը. Սերժ Սարգսյանի պատասխանը պատգամավորի հարցին

«Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացը կարծես լավատեսության տեղ այս պահի դրությամբ չի տալիս, բոլորիս համար հստակ է նաև, որ դա պայմանավորված է Ադրբեջանի ղեկավարության ոչ կառուցողական մոտեցումներով և կեցվածքով։ Այս պարագայում ինչպե՞ս եք պատկերացնում խաղաղ բանակցությունների ապագան, և այս իրավիճակում ի՞նչ նոր քայլեր եք պատրաստվում ձեռնարկել և ի՞նչ քայլեր են հնարավոր Ադրբեջանի ղեկավարությանը բանակցային առավել կառուցողական հուն վերադարձնելու համար»,- այսօր ԱԺ հատուկ նիստում վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանին հարցրեց Հանրապետական խմբակցության պատգամավոր Կարեն Բերքարյանը:

Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Իրոք, բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, բայց ավելի հստակ կարելի է ասել, որ այդ բանակցային գործընթացն ուղղակի կանգնած է: Կանգնած է, քանի որ բանակցությունների արդյունքից Ադրբեջանի ղեկավարության ակնկալիքները անիրատեսական են, անընդունելի՝ մեզ համար»:

Նրա խոսքով՝ մինչ այս փուլը իրենք բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել են, որպեսզի բանակցային պրոցեսում աշխուժություն տիրի, որպեսզի բանակցային գործընթացում ձեռք բերված պայմանավորվածությունները որոշակի կայունություն ունենան և հիմք հանդիսանան՝ բանակցությունները հաջողությամբ ավարտելու համար:

«Բայց, ցավոք սրտի, ոչ միայն կոնկրետ Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ գոյություն ունեցող փաստաթղթի շուրջ բանակցություններում, այլև վստահության որոշակի միջոցներ ստեղծելու, հրադադարի ռեժիմը պահպանելու և այլ հարցերով մեր հանդիպումները բանակացություններն ընդհանրապես որոշ ժամանակ հետո պարզվում են, որ անտեղի են, քանի որ մեր գործընկերները պայմանավորվածությունները չեն պահում: Մեկ անգամ ևս հստակորեն ես հայտարարում եմ, որ մենք պատրաստ ենք և մեր ցանկությունն է խաղաղ ճանապարհով լուծել խնդիրը»,- ասաց վարչապետի թեկնածուն:

Սերժ Սարգսյանը շեշտեց, որ խնդիրը կարող է լուծվել, բանակցային պրոցեսը կարող է ակտիվանալ, եթե Ադրբեջանի ղեկավարությունը մի կողմ գցի իր այն սին պատկերացումները, որ փոխզիջումներ նշանակում է միայն զիջումներ Լեռնային Ղարաբաղի Արցախի կամ Հայաստանի կողմից. «Այդպես լինել չի կարող: Իսկ ապագան ցույց կտա, թե ինչ լրացուցիչ քայլեր մենք կարող ենք ձեռնարկել, որպեսզի մեզ համար այդ ամենակարևոր խնդիրներից մեկը ստանա արդյունավետ ընթացք»:

Կարեն Բեքարյանը հարցրեց, թե կարելի՞ է ասել, որ համանախագահների կողմից Հայաստանի այս դիրքորոշումը լիարժեք ընկալված է:

«Կարծում եմ, որ նրանք լիարժեք ընկալում են: Լիարժեք ընկալում են ոչ միայն համանախագահող պաշտոնատար անձիք, ովքեր անմիջապես իրականացնում են իրենց միջնորդական առաքելությունը, այլև համանախագահող երկրների ղեկավարությունը: Դրա մասին են վկայում նրանց բազմաթիվ հայտարարությունները: Բոլորի համար ամեն ինչ պարզ է»,- պատասխանեց Սերժ Սարգսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում