Որպեսզի ապրենք լուսավոր, բարգավաճ, օրենքի Հայաստանում, անհրաժեշտ է, որ հանգած հրաբուխները չարթնանան. Սերժ Սարգսյան
Նմանատիպ
Վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանն ԱԺ-ում վարչապետի ընտրության քննարկմանն իր ամփոփիչ ելույթում հայտարարեց, որ հնչած ոչ բոլոր մտքերի հետ է համաձայն, թեև, ըստ նրա, որոշ գնահատականներ արդար չեն, հատկապես երբ թվերը կլորացնում են, որպեսզի արդարացնեն այս վիճակը:
«Հանրապետության երրորդ նախագահի տարիներին, ասում են, եղել են խոստումներ, որոնք չեն կատարվել: Մեջբերում են համատեքստից հանված խոստումներ ու որակվում չկատարված, փորձում են եզրակացնել, թե իբր անցած 10 տարիներն անարդյունավետ են։ Դա արվում է վարչապետի թեկնածուին սևացնելու մտադրությամբ, ամեն ինչ վատ է արվել, ինչպե՞ս կարող է հետագայում լավ լինել, սա պարզունակ մարտավարություն է»,-ասաց Սերժ Սարգսյանը:
Ըստ Սարգսյանի՝ 2007-2017թթ.-ն ընդգրկող տասնամյակը մեր հայրենիքի, բոլորի զավակների կյանքի կարևոր ու անբաժան հատվածն է:
«Այս ընթացքում մենք 2 խոշոր տնտեսական ճգնաժամ ենք դիմագրավել, 2 պատերազմական իրավիճակ ենք հաղթահարել, անվտանգության սպառնացող մարտահրավերների ենք հանդիպել ու այդ ընթացքում կարողացել ենք բազմաթիվ բարեփոխումներ արձանագրել, կարողացել ենք կանգնել միջազգային բարդ ու հարափոփոխ հարթակում,ուղիղ նայել մեր գործընկերների աչքերին: Անցած 10 տարիները մեր բոլորի պատմությունն են, Սերժ Սարգսյանի պատմությունը չեն, և չարժե սևացնել այն ամեն գնով, ինչ է թե հարկ կա թուլացնել քաղաքական մրցակցին: Արդար չէ, և չարժե դա անել»,-ասաց նա:
Ըստ Սերժ Սարգսյանի՝ մարդիկ դեռ ամբողջության չեն ընկալել, որ այլևս չկա մեկ անձի իշխանություն, քանի որ երկիրը ղեկավարելու է քաղաքական ուժը։
«Իմ ընտրվելու դեպքում դա լինելու է ոչ թե Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետը, այլ ՀՀ խորհրդարանական համակարգի ՀՀԿ կառավարման առաջին ժամկետը» – ասաց նա և նշեց՝ ընդդիմադիրները սա շատ լավ գիտակցում են՝ ժանրի կանոնն է, այսպես պիտի խոսեն։
«Երկու տարի հետո ոչ մեկի մտքով էլ չի անցնելու, որ քաղաքական պատասխանատվություն ստանձնած ուժի վարչապետին կարելի է դիտարկել կիսանախագահական համակարգի նախագահի հետ նույն հարթության մեջ, դիտարկել այս անցումը որպես իշխանության շարունակություն կամ էլ որպես երրորդ ժամկետ», – ասաց Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ որպեսզի ապրենք լուսավոր, բարգավաճ, օրենքի Հայաստանում, անհրաժեշտ է, որ հանգած հրաբուխները չարթնանան։
«Իսկ հանգած հրաբուխները չեն արթնանա, եթե բզբզողներ չլինեն», – եզրափակեց Սերժ Սարգսյանը։
Նա անդրադարձավ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանի ելույթին և ասաց, թե որևէ մեկը Սերժ Սարգսյանի չափ տեղեկացված չէ Վազգեն Սարգսյանի ծրագրերի, հույզերի, երազանքների մասին և հորդորեց չշահարկել դա:
Անդրադառնալով«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանին, ով ասել էր, որ հանրապետականներն ի պատասխան ցանկացած խնդրի մատնանշում են իր նկարը՝ Սարգսյանը նշեց, որ այլևս չկա նկարը, նկարի իշխանությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում