Սերժ Սարգսյանի հանդեպ վստահությունը պայմանավորված է իր պետական եւ քաղաքական բազմամյա գործունեությամբ. ԱԺ նախագահ

Սերժ Սարգսյանի հանդեպ վստահությունը պայմանավորված է իր պետական եւ քաղաքական բազմամյա գործունեությամբ. ԱԺ նախագահ

Սերժ Սարգսյանն այն անհատն է, ում անվան հետ կապվում է մեր երկրի անվտանգությունն ու կայունությունը, ինչպես նաեւ վերջին տարիների տնտեսական եւ քաղաքական հաջողությունները: Այս մասին հատուկ նիստի շրջանակում հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

«Այսօրվա օրակարգի հարցը վճռորոշ նշանակություն ունի մեր պետության համար, քանի որ երկրի վարչապետի ընտրությամբ մենք, ըստ էության, վերջնականապես անցում ենք կատարում Սահմանադրությամբ ամրագրված կառավարման նոր համակարգի, ինչն ավելի մեծ կարեւորություն է տալիս մեր քննարկումներին: Շնորհակալ եմ կարծիքների բաց փոխանակման համար, բայց ցավում եմ, որ այս օրերին մեր որոշ գործընկերներ բազմակարծության այս դահլիճում իրենց անհամաձայնությունն ու դժգոհություններն ազատորեն արտահայտելու փոխարեն նախընտրեցին փողոցային պայքարը, որը խաթարեց կայունությունը եւ հանգեցրեց բախումների, ինչի արդյունքում, ցավոք, ունեցանք վիրավորներ:

Հասարակությունը դրական փոփոխություններ է ակնկալում, միեւնույն ժամանակ հասարակության համար կարեւոր է երկրի կայունությունը»,-ասաց նա:

Արա Բաբլոյանի համոզմամբ՝ այն արտաքին իրավիճակը, որում գտնվում է Հայաստանը, պարտադրում է ընթանալ անցնցում փոփոխությունների ճանապարհով:

«Պետական եւ քաղաքական գործչի իր կենսագրությամբ Սերժ Սարգսյանը ցույց է տվել, որ կառավարելն ու ղեկավարելը ենթադրում է պատասխանատվություն ստանձնելու եւ այն արժանապատվորեն իրացնելու կամք ու խիզախություն: Նա այն ղեկավարն է, ում հանդեպ վստահությունը պայմանավորված է իր անցած ճանապարհով, կենսագրությամբ, պետական եւ քաղաքական բազմամյա գործունեությամբ: Որպես պատերազմի դժվարությունները, զինվորների եւ կամավորների ցավն ու ուրախությունը տեսած ու կիսած հրամանատար՝ նա շատ լավ գիտի խաղաղության գինը. այդ խաղաղությունը պետք է արժանապատիվ լինի»,-ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում