Սա խորհրդարանական համակարգում ՀՀԿ-ի ղեկավարման առաջին ժամկետն է. Սերժ Սարգսյանը պատասխանեց հնչեցված քննադատությանը

Սա խորհրդարանական համակարգում ՀՀԿ-ի ղեկավարման առաջին ժամկետն է. Սերժ Սարգսյանը պատասխանեց հնչեցված քննադատությանը

Ազգային ժողովում ՀՀ վարչապետի ընտրության քվեարկությունից առաջ իր եզրափակիչ ելույթում վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը խորհրդարանի ամբիոնից անդրադարձավ վարչապետի ընտրության հարցի քննարկման ընթացքում իր հասցեին հնչած քննադատությանը: Նա ընդգծեց, որ քննադատների առաջին խմբի մոտեցումն այն է, որ Հայաստանի երրորդ նախագահի կառավարման տարիներին եղել են այսինչ կամ այնինչ չլուծված խնդիրներ, մեջբերվում են համատեքստից հանված խոստումներ ու որակվում չկատարված: «Մեջբերվում են տնտեսական ցուցանիշների սելեկտիվ, մեթոդոլոգիական կոպիտ խախտումներով կատարված համադրություններով փորձ է արվում եզրակացնել, թե իբր անցած 10 տարիները անարդյունավետ էին: Դա արվում է կոալիցիայի վարչապետի թեկնածուին սևացնելու մտադրությամբ: Ամեն ինչ վատ է արել, ո՞նց կարող է հետագայում լավ անել: Սա է ուղերձը: Սա, թերևս, պարզունակ մարտավարություն է, սակայն ինչ-որ առումով կարող է արդյունավետ լինել դրված նպատակի համատեքստում»,- նշեց Սերժ Սարգսյանը:

Նա շեշտեց, որ 2007-2017 թվականներն ընդգրկող տասնամյակը մեր հայրենիքի, մեր զավակների ու թոռների կյանքի մաս կազմող կարևոր ժամանակահատվածն է: «այդ ընթացքում մենք երկու խոշոր տնտեսական ճգնաժամեր ենք դիմագրավել. Պատերազմական իրավիճակ ենք հաղթահարել, մեր անվտանգության ներքին և արտաքին լրջագույն մարտահրավերներ ենք կանգնեցրել, վատ պայմաններում կարողացել ենք առաջընթաց ապահովել, բազմաթիվ բարեփոխումներ իրականացնել կամ սկսել, կարողացել ենք պարզաճակատ կանգնել միջազգային բարդ ու հարափոփոխ հարթակում և ուղիղ նայել մեր բոլոր գործընկերների աչքերին: Անցած 10 տարին մեր երկրի ու բոլորիս պատմությունն է, Սերժ Սարգսյանի պատմությունը չէ: Եվ չարժե ամեն գնով սևացնել այն, ինչ է, թե հարկ կա թուլացնել քաղաքական մրցակցին, արդար չէ»,- ասաց Սարգսյանը:

Նա վստահություն հայտնեց, որ այսօր շրջանառվող սիրողական իբր ամփոփումների փոխարեն այդ տարիների մասին դեռ լուրջ վերլուծություններ կլինեն, մասնագիտական ուսումնասիրություններ ու հրապարակումներ կլինեն: «Չեն կարող չլինել, և ի վերջո պատմությունն է տալու իրական գնահատականը»,- նշեց վարչապետի թեկնածուն:

Անդրադառնալով վարչապետի պաշտոնում իր առաջադրումը որպես կառավարման երրորդ ժամկետ ներկայացնելու և իր նախկին հայտարարություններում հակասություններ գտնելու փորձերին՝ Սերժ Սարգսյանն ասաց, որ հարցերի այս խումբը քննարկվեց հարկ եղածից ավել՝ չնայած քննարկելու շատ բան էլ չկար: «Շատ լավ հասկանում եմ, որ սահմանադրական բարեփոխումներով մենք ոչ միայն կառավարման համակարգ ենք փոխել, այլ նաև կառավարման ողջ փիլիսոփայությունը, և տարիներ ի վեր արմատացած ընկալումները չեն կարող արագ փոխվել: Առավելագույնը երկու տարի հետո, վստահ եմ՝ ոչ մեկի մտքով չի անցնելու քաղաքական պատասխանատվություն ստանձնած ուժի առաջադրած վարչապետին կարելի է դիտարկել կիսանախագահական համակարգի հանրապետության նախագահի հետ նույն հարթության մեջ, դիտարկել այս անցումը որպես իշխանության շարունակություն կամ երրորդ ժամկետ: Պարզից էլ պարզ է, որ մեր երկրում արդեն գոյություն չունի առաջնային մանդատով օժտված գործադիր իշխանության ղեկավար: Սահմանադրական փոփոխություններով համապետական մակարդակում առաջնային մանդատով օժտված մեկ մարմին կա: Դա Ազգային ժողովն է, որից ծնունդ են առնում իշխանության մյուս ճյուղերը: Դեռ ամբողջությամբ չի ընկալվել այն գաղափարը, որ որքան էլ մեծ լինի վարչապետի լիազորությունն ապագա կառավարությունում, այն անհամեմատելի է կիսանախագահական կառավարման համակարգում հանրապետության նախագահի դերակատարության հետ թեկուզ հենց այն պատճառով, որ նախագահը երբեք քաղաքական պատասխանատվություն չի կրել Ազգային ժողովի առջև:

Նա հավելեց, որ մարդիկ դեռ ամբողջությամբ չեն ընկալել, որ այլևս չկա մարդու իշխանություն, որ մարդու փոխարեն իշխանության է եկել քաղաքական ուժ: «Սա լինելու է ոչ թե Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետը, այլ կառավարման խորհրդարանական համակարգում Հանրապետական կուսակցության ղեկավարման առաջին ժամկետը: Չի ընկալվո՞ւմ այս տարբերությունը քննադատողների կողմից, վստահ եմ, որ ընկալվում է: Սակայն ժանրի կանոնն է, երբ ամեն ինչ հարթ է ընթանում, որևէ բանի վրա պետք է կենտրոնանալ և անընդհատ կրկնել: Բա հո ձեռքները ծալած չե՞ն նստելու»,- նշեց Սերժ Սարգսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում