Փաշինյանի հավաքի մասնակիցների շարքում մեծ թվով դպրոցականներ կան

Փաշինյանի հավաքի մասնակիցների շարքում մեծ թվով դպրոցականներ կան

Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորած հավաքի և երթի մասնակիցների շրջանում մեծ թիվ են կազմում անչափահասները: Բազմաթիվ դպրոցականներ են հայտնվել նրանց շարքերում:

ՀՀ ոստիկանությունն ավելի վաղ կոչ էր արել կանխել ու բացառել պատանիների մասնակցությունը երթերին ու հանրահավաքներին` ապահովելով նրանց անվտանգությունը: «Ծնողներին խնդրում ենք ուշադիր լինել իրենց զավակների գտնվելու վայրի ու գործողությունների հանդեպ և նրանց հետ պահել վտանգավոր իրավիճակներից, որոնց դեպքում կարող է վտանգվել նրանց կյանքն ու առողջությունը: Չմոռանանք, որ ցանկացած իրավիճակում պատանիների ու երիտասարդների համար պատասխանատու ենք բոլորս, և նրանց անվտանգության ապահովումը յուրաքանչյուրիս պարտականությունն է»,-նշվում էր Ոստիկանության հայտարարության մեջ:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, նկատի ունենալով վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին դպրոցահասակ երեխաների և դեռահասների ներգրավման հրապարակային կոչերը, հորդորում է քաղաքական ուժերին, հասարակական նախաձեռնություններին և անհատներին զերծ մնալ զանգվածային միջոցառումներին դեռահասներին մասնակից դարձնելու փորձերից:

Առավոտյան հավաքի մասնակիցները փակել էին Ֆրանսիայի հրապարակը, այնուհետև սկսեցին Բաղրամյան պողոտայով քայլել դեպի վարչապետի նստավայր և անարգել հասան այնտեղ: Նստավայրի մոտ միայն անվտանգությունը հսկող իրավապահներն են, այնուհետև ոստիկանական ուժերը համալրվեցին:

Փաշինյանը երթի մասնակիցներին ուղղորդեց դեպի Ֆրանսիայի հրապարակ, որը օղակված է ոստիկանական ուժերի կողմից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում