Կոչ ենք անում զերծ մնալ երեխաներին հավաքներին ու երթերին ներգրավելու ոչ իրավաչափ փորձերից. ՄԻՊ

Կոչ ենք անում զերծ մնալ երեխաներին հավաքներին ու երթերին ներգրավելու ոչ իրավաչափ փորձերից. ՄԻՊ

Վերջին օրերին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է դեպքեր, երբ մի շարք անձինք, այդ թվում՝ հանրային ճանաչում ունեցող գործիչներ այցելում են հանրակրթական դպրոցներ և դպրոցների տնօրեններից ու ուսուցչական կազմերից պահանջում ապահովել իրենց մուտքը դպրոցներ՝ երեխաներին քաղաքական բնույթի հավաքներին ու երթերին ներգրավելու համար: Ընդ որում, դպրոցներ իրականացվող այցերի հրապարակված տեսանյութերից երևում է, որ երեխաներին նշված զանգվածային միջոցառումների ներգրավելու մտադրությամբ դպրոց այցելած անձինք վեճի են բռնվում տնօրինության կամ ուսուցչական կազմերի հետ՝ առաջացնելով լարվածություն: Իրականացվում են նաև բարձրախոսներով վանկարկումներ ու կոչեր:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են ներկայացվել նաև աշակերտների ծնողների անհանգստությունը իրենց երեխաներին դպրոցներից հավաքներին ներգրավելու ու նրանց պաշտպանվածության առնչությամբ: Ծնողները նշել են, որ այդ պատճառով հրաժարվում են իրենց երեխաներին դպրոց տանել:

Ինչպես տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, պաշտպանի աշխատակազմում իրականացվել է նշված դեպքերի և բողոքների ուսումնասիրություն` հիմք ընդունելով դրանց վերաբերող միջազգային կանոններն ու պրակտիկան, ինչպես նաև ստեղծված կոնկրետ իրավիճակի հանգամանքները:

«Նախ, երեխային առնչվող բոլոր հարցերում առանցքային է նրա լավագույն շահի սկզբունքը: Պետք է միշտ նկատի ունենալ երեխայի շահը՝ որպես բացարձակ արժեք, իսկ դրա խաթարումը՝ որպես երեխայի իրավունքների խախտում:

Երեխայի պաշտպանվածությունն ու անվտանգությունը, նրա բոլոր իրավունքների անխոչընդոտ իրականացումը առաջնահերթ նշանակություն ունեն:

Նախորդ մի քանի օրերի ընթացքում արձանագրվել են բախումների մի շարք դեպքեր ինչպես ոստիկանության և ցուցարարների, այնպես էլ ցուցարարների ու այլ քաղաքացիների միջև: Ապրիլի 16-ին Ոստիկանությունը գործադրել է հատուկ միջոցներ, որոնց արդյունքում արձանագրվել են մարմնական վնասվածքների դեպքեր:

Ոստիկանությունն պաշտոնական հայտարարություններով նշել է, որ հավաքների ընթացքում արձանագրվել են դեպքեր, երբ բռնության գործադրմամբ, գույք ոչնչացնելով ու վնասելով վտանգվել է քաղաքացիների կյանքն ու առողջությունը, հասարակական անվտանգությունը: Պետք է նկատի ունենալ նաև Ոստիկանության հայտարարությունը հավաքը դադարեցնելու, այն ցրելու, ինչպես նաև հատուկ միջոցներ գործադրելու հնարավորության մասին:

Դրանից բացի, Ոստիկանության բաժիններ Պաշտպանի ներկայացուցիչների այցերի ընթացքում պարզվել է, որ բերման ենթարկվածների թվում առկա են նաև անչափահաս աշակերտներ: Ըստ ձեռք բերած տեղեկությունների՝ նրանցից մի քանիսը ներգրավված են քրեական վարույթի շրջանակներում:

Ստեղծված պայմաններում առաջնահերթ է դառնում երեխաների պաշտպանությունն ու նրանց անվտանգության ապահովումը: Դրանից բացի, ակնհայտ խաթարվում է նաև կրթություն ստանալու երեխաների իրավունքը:

Մարդու իրավունքների պաշտպանը հստակ գիտակցում է երեխայի՝ միջազգային փաստաթղթերով ամրագրված իրավունքը մասնակցելու խաղաղ հավաքների կամ խաղաղ բնույթ կրող զանգվածային այլ միջոցառումների: Սակայն սա չի նշանակում, որ երրորդ անձինք կարող են դասապրոցեսի ընթացքում դպրոցում իրականացնել քաղաքական բնույթ կրող միջոցառման մասնակցելու քարոզ:

Պաշտպանը, օժտված լինելով «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում, ինչպես նաեւ երեխաների իրավունքների խախտումների կանխարգելում և պաշտպանություն իրականացնելու իրավասությամբ, կոնկրետ իրավիճակում անթույլատրելի է համարում այցերի և դպրոցներ ինքնակամ մուտք գործելու միջոցով երեխաներին հավաքներին կամ երթերին ներգրավելու փորձերը: Հատկապես վտանգավոր է, երբ այդպիսի փորձերն ու կոչերն արվում են հանրային գործիչների կողմից:

Հանրակրթական դպրոցների հետ կապված բոլոր գործողություններում պետք է նկատի ունենալ նաև, որ դպրոցի տնօրենը և ուսուցչական կազմը պատասխանատու են դպրոցում սովորող երեխաների կյանքի և առողջության պահպանման, նրանց իրավունքների և ազատությունների պաշտպանության համար:

Ուստի, գործընթացի բոլոր մասնակիցներին կոչ ենք անում իրենց ելույթներում և գործողություններում զերծ մնալ երեխաներին հավաքներին ու երթերին ներգրավելու ոչ իրավաչափ փորձերից»,- ասվում է ՄԻՊ հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում