Ոստիկանները վարչական ներգործության միջոցներ կկիրառեն իրավախախտում կատարած անձանց նկատմամբ

Ոստիկանները վարչական ներգործության միջոցներ կկիրառեն իրավախախտում կատարած անձանց նկատմամբ

Երևանում ապօրինի գործողություններ իրականացնող հավաքի կազմակերպիչներն ու մասնակիցները ոչ միայն շարունակում են չենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին, այլև բռնի գործողություններ են կատարում նրանց նկատմամբ: Նման վարքագիծն ակնհայտորեն դուրս է խաղաղ հավաքների բովանդակությունից և ևս մեկ անգամ ապացուցում է, որ կազմակերպիչների արտաքուստ «խաղաղ» կոչերով փորձ է արվում քողարկել ակնհայտ ապօրինի գործողությունները: Այս մասին ասվում է ՀՀ ոստիկանության նոր հայտարարության մեջ: Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ:

«Մայրաքաղաքում օրենքով սահմանված կարգի խախտմամբ իրականացվող երթերի և հավաքների մեկնարկի օրվանից` 2018 թ. ապրիլի 13-ից սկսած, դրանց կազմակերպիչների և մասնակցների գործողությունները հանգեցրել են հազարավոր քաղաքացիների ազատ տեղաշարժի սահմանադրական իրավունքի, ինչպես նաև մի շարք հիմնարկների բնականոն գործունեության խաթարմանը:

Այդ հավաքներն արդեն իսկ ուղեկցվել են զանգվածային անկարգություններով, որոնց ընթացքում անձանց նկատմամբ բռնության գործադրմամբ, գույք ոչնչացնելով ու վնասելով վտանգվել է քաղաքացիների կյանքն ու առողջությունը, հասարակական անվտանգությունը:
2018 թ. ապրիլի 16-ին ՀՀ ոստիկանության կողմից «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով որոշում է կայացվել դադարեցնել հավաքը, և այդ մասին իրազեկվել է հավաքի կազմակերպիչը, ով արհամարհելով այն` շարունակում է հիշյալ որոշմանը չենթարկվելու կոչերը:

Նույն գործելաոճով ապօրինի հավաքի ղեկավարի գլխավորությամբ և նրա անմիջական ցուցումներով դրա մասնակիցներն այսօր առավոտից կազմակերպված կերպով փակել են ՀՀ կառավարության մասնաշենքի մուտքը` խոչընդոտելով աշխատակիցների անարգել մուտքն ու ելքը մասնաշենք: Հավաքի կազմակերպիչները և մասնակիցները ոչ միայն շարունակում են չենթարկվել իրենց ապօրինի գործողությունները դադարեցնելու մասին ոստիկանության օրինական պահանջներին, այլև բռնի գործողություններ են կատարում նրանց նկատմամբ:
Նման վարքագիծն ակնհայտորեն դուրս է խաղաղ հավաքների բովանդակությունից և ևս մեկ անգամ ապացուցում է, որ կազմակերպիչների արտաքուստ «խաղաղ» կոչերով փորձ է արվում քողարկել ակնհայտ ապօրինի գործողությունները:

Ստեղծված իրավիճակում, իրենց օրինական պահանջներին չենթարկվելու համար ոստիկանության ծառայողները ստիպված են վարչական ներգործության միջոցներ կիրառել իրավախախտում կատարած անձանց նկատմամբ:

Բացի այդ հետևելով ապօրինի վարքագիծ դրսևորելու մասին հավաքի ղեկավարի կոչերին` դրա մասնակիցները վտանգում են իրենց կյանքն ու առողջությունը, որի հետևանքների համար ամբողջ պատասխանատվությունը կրում են կազմակերպիչները»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում