Դատախազությունը պարզաբանում է՝ Վարդգես Հայրապետյանի ավտոմեքենան ոչ թե առևանգվել էր, այլ տեղափոխվել տուգանային հրապարակ

Դատախազությունը պարզաբանում է՝ Վարդգես Հայրապետյանի ավտոմեքենան ոչ թե առևանգվել էր, այլ տեղափոխվել տուգանային հրապարակ

Քաղաքացի Վարդգես Հայրապետյանը լրատվամիջոցներում ահազանգել էր այն մասին, որ անհայտ անձինք արդեն 2 օր է՝ առևանգել են իր մեքենան, իսկ հանցագործության մասին հաղորդում ոստիկանություն այդպես էլ չի կարողացել ներկայացնել։ Հայրապետյանը նշել էր, որ որպես իրավապահ մարմինների աշխատակիցներ ներկայացած անձինք այդպես էլ որևէ փաստաթուղթ ցույց չեն տվել և իր մեքենայով հեռացել են:

Միջադեպից հետո Վարդգես Հայրապետյանը գնացել էր Աշտարակի ոստիկանության բաժին և փորձել հաղորդում ներկայացնել հանցագործության մասին, սակայն, ըստ իրեն` նրան հորդորել են հեռանալ։ Հայրապետյանը կատարվածն անվանել է գործողություն իր դեմ, որպեսզի չկարողանա մասնակցել վերջին օրերի հավաքներին:

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ Վարդգես Հայրապետյանին ընդունել են Արագածոտնի մարզի դատախազությունում, պարզաբանել, որ նրա կողմից կատարվել է վարչական իրավախախտում, որի հետևանքով Ոստիկանության աշխատողները ավտոմեքենան տեղափոխել են տուգանային հրապարակ և ենթարկել վարչական պատասխանատվության:

«Տուգանքը վճարելուց հետո մեքենան վերադարձրել են Վարդգես Հայրապետյանին: Դատախազի այն հարցին, թե կան արդյոք այլ անձանց կողմից կատարված իրավախախտումներ, Հայրապետյանը նշել է, որ ոչ»,- նշել են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

«Արմենպրես»-ը հեռախոսով կապվեց նաև Վարդգես Հայրապետյանի հետ, ով նշեց, որ իր մեքենան վերադարձրել են: Նա այլ մանրամասներ չհաղորդեց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում