Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթի մասնակիցները ՀՀ կառավարության շենքի մոտ են

Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթի մասնակիցները ՀՀ կառավարության շենքի մոտ են

Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթի մասնակիցները ՀՀ կառավարության շենքի մոտ են: Շենքում ընթանում է կառավարության նիստը: Շենքը ոստիկանական մի քանի շարքով առանձնացվել է հավաքի մասնակիցներից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մինչ կառավարության շենքի մոտ գալը Նիկոլ Փաշինյանն ու կողմնակիցները երթ էին անցկացրել մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանում՝ մեծ երթուղով, ապա հանգստացել էին Մանկական այգում:

Նրանք կառավարության շենքի մոտ փորձում էին փակել Հանրապետության հրապարակի երթևեկությունը:

Փաշինյանն ու կողմնակիցները ապրիլի 13-ից փակել էին Երևանի Ֆրանսիայի հրապարակը: Նրանք ապրիլի 16-ի առավոտից կաթվածահար էին արել մայրաքաղաքի կենտրոնի երթևեկությունը, փակել բանուկ փողոցները: Դրանք երեկոյան արդեն բացվել էին, սակայն ապրիլի 17-ի առավոտյան կրկին փակվել էին հավաքի կազմակերպիչների և մասնակիցների կողմից: Ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանների և հավաքի մասնակիցների միջև միջադեպ է գրանցվել: Վեց ոստիկան, Նիկոլ Փաշինյանն ու հավաքի մոտ չորս տասնյակ մասնակիցներ տարվել էին հիվանդանոցներ: Այդ օրն ավելի քան 8 տասնյակ մարդ է բերման ենթարկվել ոստիկանություն վարչական իրավախախտումների դեպքերով: Ապրիլի 17-ի երեկոյան Փաշինյանը հայտարարել է, որ կբացեն Ֆրանսիայի հրապարակը և կգիշերեն տանը: Սակայն նրանք ապրիլի 18-ի առավոտյան կրկին փակեցին հրապարակն, ապա քայլերթով հասան ՀՀ վարչապետի նստավայր: Նրանք ապրիլի 18-ին ևս քայլերթեր են իրականացրել, իսկ ապրիլի 19-ին առավոտից փորձել են արգելափակել Կառավարության 3-րդ մասնաշենք աշխատակիցների մուտքը: Ապրիլի 19-ին ավելի քան 100 մարդ է բերման ենթարկվել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում