Արցախում ռազմավարական գրեթե բոլոր ուղղություններով արձանագրվել է առաջընթաց. Բակո Սահակյան

Արցախում ռազմավարական գրեթե բոլոր ուղղություններով արձանագրվել է առաջընթաց. Բակո Սահակյան

Արցախում 2018 թվականին հիմնական շեշտը դրվելու է տնտեսության մրցունակության և մի շարք ոլորտներում ինքնաբավության մակարդակի բարձրացման, ներդրումների համար գրավիչ պայմանների ստեղծման, վարչարարության հնարավորինս կրճատման և պարզեցման, թափանցիկության աստիճանի բարձրացման վրա։ Այս մասին Արցախի Ազգային ժողովում հայտարարել է ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը՝ հանդես գալով նախորդ տարվա ծրագրի ընթացքի և արդյունքների, ինչպես նաև հաջորդ տարվա ծրագրի վերաբերյալ Հանրապետության նախագահի հաղորդմամբ։ Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Արցախի Հանրապետության Ազգային ժողովն ապրիլի 19-ին գումարել է հերթական լիագումար նիստը: Բացելով նիստը՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ երկու օր առաջ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, ընդունվել է Հանրապետության նախագահի առաջարկը՝ ԱՀ Սահմանադրության 93-րդ հոդվածի համաձայն՝ նախորդ տարվա ծրագրի ընթացքի և արդյունքների, ինչպես նաև հաջորդ տարվա ծրագրի վերաբերյալ Հանրապետության նախագահի հաղորդումը ԱԺ նիստի օրակարգում ընդգրկելու մասին:

Սկսելով նիստի աշխատանքները՝ Սահմանադրության 93-րդ հոդվածի 17-րդ մասի և ԱԺ կանոնակարգ ԱՀ օրենքի 114-րդ հոդվածի համաձայն՝ Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ներկայացրել է նախորդ տարվա ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների, ինչպես նաև հաջորդ տարվա ծրագրի վերաբերյալ հաղորդումը:

«2017 թվականը բավականին ակտիվ ժամանակահատված էր մեր հանրապետության համար, որի ընթացքում իրականացվել է համապատասխան ներքին ու արտաքին քաղաքականություն՝ ուղղված մեր անկախ պետականության ամրապնդմանը, հանրապետության պաշտպանունակության և անվտանգության մակարդակի բարձրացմանը, երկրում սոցիալ-տնտեսական զարգացման ապահովմանը. իրականացվել են բազում ծրագրային միջոցառումներ, և ռազմավարական գրեթե բոլոր ուղղություններով արձանագրվել է առաջընթաց»,- ընդգծել է Նախագահը:

Հաղորդման շրջանակներում Բակո Սահակյանը մանրամասնորեն անդրադարձել է երկրի կենսագործունեությունն ապահովող տարբեր ոլորտներում ձեռք բերված հաջողություններին, ռազմավարական ծրագրերին և անելիքներին՝ միաժամանակ ընդգծելով առաջնահերթությունները:

«Հիմնական շեշտը դրվելու է տնտեսության մրցունակության և մի շարք ոլորտներում ինքնաբավության մակարդակի բարձրացման, ներդրումների համար գրավիչ պայմանների ստեղծման, վարչարարության հնարավորինս կրճատման և պարզեցման, թափանցիկության աստիճանի բարձրացման վրա»,- այսպես է որակել ընթացիկ տարում կատարելիք աշխատանքների ուղղվածությունը Հանրապետության նախագահը:

Ամփոփելով Բակո Սահակյանը նշել է, որ ակնկալում է իշխանության բոլոր թևերի ու տարբեր կառույցների սերտ փոխգործակցություն, համակարգված և արհեստավարժ աշխատանք:

Այնուհետև պատգամավորները Հանրապետության նախագահին հարցեր են ուղղել վերաբնակեցման ծրագրերին, տեղական ինքնակառավարման համակարգում օրենսդրական փոփոխություններին, գյուղատնտեսական ծրագրերի լրացուցիչ ֆինանսավորմանը, տարբեր երկրներում Արցախի ներկայացվածությանը, երիտասարդ ընտանիքներին հիփոթեքային աջակցությանը և այլ ոլորտներին վերաբերող հարցեր:

Ընդմիջումից հետո նիստը շարունակվել է, և համաձայն ԱԺ կանոնակարգ ԱՀ օրենքի՝ գործադիր իշխանության ներկայացուցիչները՝ պետական նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ պատասխանել են օրենսդիրների հարցերին: Ընդհանուր առմամբ վեց պատգամավոր առաջադրել է ութ հարց՝ «ԱՐԻ» ներդրումային ծրագրի ընդլայնման, անկանխիկ դրամային փոխանցումների, ռազմական ուսումնարաններում դասավանդող ուսուցիչների կենսաթոշակային տարիքի, մանկական դեղամիջոցների համար և բուժման գումարների փոխհատուցման չափերի ավելացման, ջրային պաշարների ճշգրիտ տեղորոշման խնդիրների և այլ թեմաներով:

Հաջորդիվ խորհրդարանը քննարկել է Գերագույն դատարանի դատավոր նշանակելու հարցը: Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գայանե Գրիգորյանը Գերագույն դատարանի դատավորի պաշտոնում Ազգային ժողովին է առաջարկել վերաքննիչ դատարանի դատավոր Հասմիկ Խաչատրյանի թեկնածությունը: Թեկնածուն պատգամավորներին է ներկայացրել իր կենսագրությունից և աշխատանքային գործունեությունից որոշակի տվյալներ, որից հետո պատգամավորները անցել են գաղտնի քվեարկության:

Հաշվիչ հանձնախմբի նախագահ Ռամելա Դադայանը, ներկայացնելով քվեարկության արդյունքները, հայտարարել է, որ քվեարկությանը մասնակցած 29 պատգամավորից թեկնածուի օգտին քվեարկել են 27, դեմ՝ 2 պատգամավոր: Քվեարկության արդյունքների հիման վրա ԱԺ-ն ընդունել է որոշում՝ Հասմիկ Խաչատրյանին Գերագույն դատարանի դատավոր նշանակելու վերաբերյալ:

Անցնելով օրենսդրական հարցերին՝ խորհրդարանը քննարկել և ընդունել է «Հանրային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ԱՀ օրենքները, ինչպես նաև «Առևտրաարդյունաբերական պալատի մասին» ԱՀ օրենքը՝ առաջին ընթերցմամբ:

Պատգամավորական հայտարարությամբ հանդես են եկել Հայկ Խանումյանը և Դավիթ Իշխանյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում