Տեղի ունեցող ցույցերը բացասական ազդեցություն են ունենալու տնտեսության զարգացման վրա

Տեղի ունեցող ցույցերը բացասական ազդեցություն են ունենալու տնտեսության զարգացման վրա

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը վստահ է, որ վերջին օրերին տեղի ունեցող ցույցերը բացասական ազդեցություն են ունենալու տնտեսության, մասնավորապես, զբոսաշրջության զարգացման վրա: «Եթե դուք հետևում եք միջազգային լրատվությանը, երևի տեղյակ եք, որ որոշ երկրներ հայտարարել են ու կոչ են արել իրենց քաղաքացիներին ՀՀ չայցելել, քանի որ դա անվտանգ չէ: Իսկ մենք մեր բազմաթիվ ու երկարատև ջանքերի շնորհիվ այն ցուցանիշին էինք կարողացել հասնել, որ բազմաթիվ միջազգային կազմակերպությունների կողմից ՀՀ-ն զբոսաշրջության համար ամենաանվտանգ երկրներից էր համարվում», – կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Կարայանը:

Ըստ նրա՝ հյուրանոցներից և տուրիստական կազմակերպություններից իրենք տեղեկացել են, որ արդեն իսկ որոշակի կորուստներ եղել են, ու զբոսաշրջիկների մի մասը հրաժարվել է գալ Հայաստանի Հանրապետություն:

«Եթե այս ամենը շարունակվի, ականատես կլինենք, թե ինչ բացասական ազդեցություն սա կարող է թողնել տնտեսության վրա: Եթե այն լիներ տրամաբանական և չխանգարեր երկրի բնականոն զարգացմանը, ապա տնտեսության վրա գրեթե չէր ազդի, բայց այն պարագայում, երբ պարալիզացվում է քաղաքային տրանսպորտը, զբոսաշրջիկների երթևեկությունը, դա իր բացասական ազդեցությունը կունենա», – նշեց Կարայանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում