Բերման ենթարկվածները «Ելք»-ի պատգամավորներին փոխանցել են, որ ոստիկանները հիմնականում իրենց նկատմամբ հարգալից վերաբերմունք են դրսևորել

Բերման ենթարկվածները «Ելք»-ի պատգամավորներին փոխանցել են, որ ոստիկանները հիմնականում իրենց նկատմամբ հարգալից վերաբերմունք են դրսևորել

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներ Գևորգ Գորգիսյանը, Մանե Թանդիլյանը և Էդմոն Մարուքյանը ապրիլի 19-ին վաղ առավոտից շրջել են մայրաքաղաքի ոստիկանական տարբեր բաժանմունքներում, զրուցել ոստիկանության կողմից բերման ենթարկված ցուցարարների հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Գևորգ Գորգիսյանը հայտնեց, որ ինքը և Մանե Թանդիլյանը եղել են Նոր Նորքի, Քանաքեռ-Զեյթունի և Արաբկիրի, Շենգավիթի ոստիկանության բաժանմունքներում, իսկ Էդմոն Մարուքյանը` Կենտրոնի և կրկին Շենգավիթի բաժանմունքում: «Հիմնականում բերման ենթարկվածները բողոքներ չունեին, բոլորը նշում են, որ իրենց հետ ոստիկանները հարգալից են վերաբերվել»,- ասաց Գորգիսյանը:

Նա հավելեց, որ մի քանի բերման ենթարկվածներ ասել են, որ ոստիկանները իրենց հետ կոպիտ են վարվել: «Մենք ֆիքսել ենք նրանց անունները և հետագայում կաշխատենք զբաղվել այդ խնդիրներով»,- ասաց պատգամավորը:

Գևորգ Գորգիսյանը չցանկացավ այս պահին որևէ գնահատական տալ շարունակվող բողոքի զանգվածային ակցիաների մասնակիցների և ոստիկանության գործողություններին:

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցներն ապրիլի 13-ից բողոքի զանգվածային ակցիաներ են իրականացնում Երևանի կենտրոնում: Այդ ընթացքում նրանք անցկացրել են երթեր Երևանի փողոցներում, իրականացրել են փողոցների և շենքերի շրջափակման զանգվածային գործողություններ, ներխուժել են Հանրային ռադիոյի շենք, անցկացրել հանրահավաքներ Ֆրանսիայի հրապարակում և Հանրապետության հրապարակում: Բողոքի գործողությունները շարունակվում են նաև ապրիլի 19-ին: Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց ապրիլի 19-ի վաղ առավոտյան միջադեպ տեղի ունեցավ ոստիկանների և Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հավաքի մասնակիցների միջև: Ցուցարարները փորձել էին շրջափակել կառավարության մասնաշենքը՝ խոչընդոտելով աշխատակիցների մուտքը շենք: Ոստիկանությունը, շրջափակելով հավաքի մասնակիցների մի խմբին, փորձեց բացել տարածքը, ինչից հետո բերման ենթարկեց մի քանի երիտասարդի: Այն բանից հետո, ինչ երիտասարդներին նստեցրին ոստիկանական մեքենան, հրմշտոց սկսվեց ոստիկանների և մյուս ակտիվիստների միջև: Նրանցից մեկը պառկեց ոստիկանության ավտոմեքենաներից մեկի տակ՝ թույլ չտալով բաժանմունք տանել բերման ենթարկված երիտասարդներին: Ոստիկանությանը ի վերջո հաջողվեց ակտիվիստին դուրս բերել մեքենայի տակից և բերման ենթարկվածներին տանել ոստիկանական բաժանմունք:

ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ ապրիլի 19-ին՝ ժամը 13:30-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը հասել է 100-ի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում