Ոստիկանությունը կաջակցի այլոց ազատություններն ու իրավունքները չսահմանափակող խաղաղ հավաքի անցկացմանը

Ոստիկանությունը կաջակցի այլոց ազատություններն ու իրավունքները չսահմանափակող խաղաղ հավաքի անցկացմանը

Ոստիկանությունը պատրաստակամ է աջակցել խաղաղ հավաքի անցկացմանն այնպիսի վայրում, որը չի հանգեցնում այլոց իրավունքների, ազատությունների անհամաչափ սահմանափակման: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Ոստիկանության հայտարարության մեջ ասվում է.

«Ապրիլի 20-ին առավոտից մայրաքաղաքում ապօրինի հավաքի մասնակիցները տարբեր խմբերով, հետևելով հավաքի կազմակերպիչների կողմից ավելի վաղ արված կոչերին, Երևանի տարբեր հատվածներում փակում են փողոցները, իրականացնում հարակից շենքերի ու շինությունների ազատ ելումուտին, այլ քաղաքացիների, ավտոտրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժին խոչընդոտող հակաօրինական գործողություններ:

Հիշեցնում ենք, որ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ հավաքի մասնակիցը պարտավոր է չխոչընդոտել հավաքի անցկացման վայրում գտնվող կամ դրան հարող շենքերի, շինությունների կամ այլ տարածքների մուտքն ու ելքը:
Նույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ Ոստիկանությունը պարտավոր է ապահովել հավաքի անցկացման վայրում գտնվող կամ դրան հարող շենքերի, շինությունների կամ այլ տարածք ազատ մուտքն ու ելքը:

Կոչ ենք անում ապօրինի հավաքի մասնակից քաղաքացիներին հետևել օրենքով սահմանված իրենց պարտականությունների պատշաճ կատարմանը, չխոչընդոտել ոստիկանության իրավաչափ լիազորությունների իրականացմանը՝ վերոնշյալ իրավախախտումները կատարելու համար համաչափ իրավական ներգործության միջոցների կիրառումից խուսափելու նպատակով:

Միաժամանակ ոստիկանությունը պատրաստակամ է աջակցել խաղաղ հավաքի անցկացմանն այնպիսի վայրում, որը չի հանգեցնում այլոց իրավունքների, ազատությունների անհամաչափ սահմանափակման»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում