Հայաստանում կբարձրացվեն թոշակներն ու նվազագույն աշխատավարձը. ՀՀ վարչապետը արտագաղթը հաղթահարելու մասին

Հայաստանում կբարձրացվեն թոշակներն ու նվազագույն աշխատավարձը. ՀՀ վարչապետը արտագաղթը հաղթահարելու մասին

Արտագաղթը Հայաստանի արյունահոսող վերքն է, որը կառավարությունը փորձում է լուծել: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:

Նա չափազանցված համարեց արտագաղթի վերաբերյալ ընդդիմության բերած թվերը՝ այդուհանդերձ արձանագրելով, որ դա իսկապես խնդիր է երկրի համար:

«Արտագաղթն իրոք մեր արյունահսող վերքն է: Դա մեզ համար շատ վտանգավոր ու ցավալի է: Չեմ ասում արդարացնելու համար, սակայն պետք է հաշվի առնենք, որ արտագաղթը բնորոշ է ոչ միայն Հայաստանին, այլև բոլոր նախկին խորհրդային երկրներին, Արևելյան ու նույնիսկ Արևմտյան Եվրոպային: Միգրացիոն պրոցեսները միշտ տեղի են ունենում: Այո, որոշակի հանգամանքներից ելնելով՝ մեզ մոտ հավելյալ խնդիրներ կան: Այո, դա խնդիր է, սակայն մենք փորձում ենք դա լուծել: Ես հայտարարել եմ և վստահ եմ, որ դա հասանելի թիվ է՝ 2040 թվականին 4 մլն բնակչություն ունենալը»,- ասաց վարչապետը: Նա հայտնեց, որ մոտակա մի քանի շաբաթների ընթացքում արդեն կսկսվեն հանրային քննարկումները մինչև 2030 թվականը Հայաստանի զարգացման ռազմավարության վերաբերյալ: Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ այդտեղ եղած թվերը, ցուցանիշները բոլորին գոնե կհամոզեն, որ գնում ենք դեպի նախանշած այդ հիմնական ցուցանիշը:

«Արդեն կառավարությունը ծրագրել է, և կարծում եմ մենք ընդամենը շաբաթների ընթացքում որոշակի փոփոխություն կմտցնենք հարկային օրենսգրքում նվազեցնելու մարդկանց եկամտահարկը: Ծրագրված է և ամենայն հավանականությամբ հունվարի 1-ից թոշակների, նվազագույն աշխատավարձի բարձրացում կլինի:

Այդ բոլոր հնարավորությունները տալիս է հանգիստ, հանդարտ կյանքը, տնտեսական զարգացումը, առաջխաղացումը: Նորից եմ կրկնում՝ որևէ մեկը չի կարող 5, 10, 15 տարում ստեղծել այնպիսի պայմաններ, որ բոլորն այդ պայմաններից գոհ լինեն: Եվ այս 25-26 տարիների ընթացքում, եթե հաշվի առնենք բոլոր այն խնդիրները, որ եղել են Հայաստանի բոլոր ժամանակների իշխանությունների առջև, մեր երկիրը վատ չի զարգացել: Ես չեմ ասում, որ լավ է: Ինչքան էլ լավ լինի, միշտ իմ գնահատականը լինելու է, որ ավելին կարող էինք անել»,- նշել է վարչապետ Սարգսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում