ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ

ՀՀ նորանշանակ վարչապետ Սերժ Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ապրիլի 20-ին Սերժ Սարգսյանին շնորհավորել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչությունը: «Մենք համոզված ենք, որ հիմնվելով Ձեր փորձի վրա, Դուք լավագույնը պետք է անեք, որ Ձեր ղեկավարման տարիներն ընթանան հայրենիքի զարգացման համար ծրագրերի իրականացմամբ ու ստեղծարար նախաձեռնությունների իրագործմամբ՝ ի շահ մեր երկրի և ժողովրդի»,-նշված է ուղերձում:

Անդրադառնալով Հայաստանում վերջին օրերին ընթացքող հավաքներին՝ Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչությունը վստահ է, որ կողմերը կշարժվեն երկխոսության սկզբունքով՝ շրջանցելու համար այն անհաճո դրությունը, որի բացասական հետևանքները կարող են ուրախացնել միայն հայ ժողովրդի թշնամիներին:

Շնորհավորական ուղերձ է հղել Հայ Կաթողիկե Եկեղեցու Հայաստանի, Վրաստանի ու Արևելյան Եվրոպայի թեմերի առաջնորդ Տեր Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը, ով վստահություն է հայտնել, որ Սերժ Սարգսյանը կշարունակի իր արգասաբեր գործունեությունն ի բարօրություն Հայաստանի, Արցախի և Սփյուռքի: «Վստահ ենք, որ Դուք, լինելով մեր պետականաշինության ակունքներում, փորձառության և վճռականության պակաս չեք զգալու դիմակայելու նորանոր մարտահրավերներին: Ընդունեք մեր երախտագիտությունը, որովհետև մշտապես մենք տեսնում ենք և գիտակից ենք Ձեր հոգատար և հավասարակշիռ մոտեցմանը Հայ կաթողիկոսե համայնքի հանդեպ»,-նշված է ուղերձում:

Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Տեր Գրիգոր-Պետրոս կաթողիկոս-պատրիարքի շնորհավորական ուղերձում ասվում է. «Լիահույս ենք, որ Ձեր այս հույժ կարևոր առաքելությամբ կկարողանաք համայն հայության ակնկալություններն ու առաջադրանքներն իրականացնել ի նպաստ խաղաղ, բարգավաճ և հզոր Հայաստանի, նպաստելով հայրենիքի բոլոր տարրերի միջև արդյունավետ միասնականությանն ու համագործակցությանը»:

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին շնորհավորել է նաև Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանը՝ հույս հայտնելով, որ վարչապետի գլխավորած կառավարության նոր կազմին կհաջողվի իրականացնել օրենսդրական, տնտեսական, քաղաքացիական մի շարք նախաձեռնությունների կայուն և արդյունավետ գործընթաց: «Ձեզ ենք փոխանցում հաջողության մեր լավագույն բարեմաղթանքները՝ ի շահ մեր հայրենի երկրի բարօրության»,- ասել է Սեդրակյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում