Ինչու չեն կառուցվել Իրան-Հայաստան երկաթուղին և նոր ատոմակայանը. Սերժ Սարգսյանի արձագանքը

Ինչու չեն կառուցվել Իրան-Հայաստան երկաթուղին և նոր ատոմակայանը. Սերժ Սարգսյանի արձագանքը

Իրան-Հայաստան երկաթուղի, ինչպես նաև նոր ատոմակայան չի կառուցվել նախորդ տասը տարիներին, քանի որ հաշվարկների արդյունքում ավելի օգտակար ծրագրեր են իրականացվել։ «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այսպիսի տեսակետ արտահայտեց ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը։ «Մամուլում կան մարդկանց կարծիքներ, թե տեսեք խոստացել է Իրան-Հայաստան երկաթուղի լինի, չկա, ատոմակայան լինի, չկա։ Եվ այլն։ Որևէ ծրագրով հնչած դրույթները երբեք չեն կարող լինել քարացած։ Հաշվարկը ցույց է տվել, որ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման համար շատ ավելի շատ միջոցներ են պետք, քան ավտոմայրուղու համար, և Հյուսիս-հարավ ավտոմայրուղին մեզ համար շատ ավելի օգտակար կլինի»,-ասաց Սերժ Սարգսյանը։

Ինչ վերաբերում է ատոմակայանին, ապա, ըստ նրա, մշտապես ատոմային էներգիա ունենալու տեսլականին զուգահեռ պետք է մտածել այդ բնագավառը զարգացնելու մասին։ Սարգսյանի խոսքով՝ աշխարհում տեղի են ունեցել հսկայական փոփոխություններ, որով արդեն փորձարկման մեջ է գտնվում ավելի փոքր հզորությամբ ատոմակայանի մոդելը, որը Հայաստանի համար շատ ավելի հարմար կարող է լինել։ «Երկրորդ՝ կանաչ էներգիան շատ մեծ չափով մտնում է մարդկանց կյանք։ Արևային էներգիայի ինքնարժեքը մոտենում է տրամաբանական արժեքի։ Եվ, եթե ես տարիներ առաջ ասել եմ, որ մենք անպայման ատոմակայան կկառուցնեք, ուրեմն գնանք անպայման իմ ասածը անելո՞ւ, թե՞ երկրի տնտեսության համար էներգիայի աղբյուրի ավելի շահավետ եղանակ գտնենք։ Ես կարծում եմ՝ դա է տրամաբանականը։ Կարծում եմ մի բան է, երբ դու ծրագիր ես գծում ու դրանով տարբեր թվեր ես հնչեցնում։ Դրանք ցուցանիշներ են, որին ձգտում ես, դրանք համեմատել երդման հետ, ասել՝ «չէ, դու երդվել ես, երդումդ խախտել ես», որքանո՞վ է պրոֆեսիոնալ»,-ընդգծեց Սերժ Սարգսյանը։

Նրա դիտարկմամբ՝ քաղաքական պատասխանատվությունն անհրաժեշտություն է, բայց այն պետք է տարբերակել անձնական պատասխանատվությունից։ Բացի այդ՝ պետք է հաշվի առնել, որ Հայաստանը մեկուսացված չի և «մենք ապրում ենք աշխարհում, որտեղ լինում են պատերազմներ, ճգնաժամեր»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում