Հոգեբանը հոգեբանի կարիք ունի

Հոգեբանը հոգեբանի կարիք ունի

Այսօր ՖԲ-ում տարածվել է մի նկար, որտեղ հայրն իր մանկահասակ երեք երեխաների հետ փորձում է փակել Մասիվի գլխավոր ճանապարհը: Բնականաբար, շատերն այդ «հայրիկին» համարում են պայքարի ու անձնազոհության էտալոն, նորօրյա Գավրոշ` մոռանալով, որ ծնողի առաջնահերթ պարտականությունը երեխային պաշտպանելն է, այլ ոչ վտանգելը:

Եթե այս նկարը պահի տակ արված էժանագին, առավել դիպուկ ասված դիշովի փիառ չէ (հնարավոր է առջևի մեքենաները հանգիստ կանգնած են կարմիր լույսի տակ ու «հայրիկը» օգտվելով առիթից, ցանկանում է «վերածվել» նորաթուխ Պավլիկ Մառոզովի), ապա քաղաքակիրթ ցանկացած երկրում, նման ծնողին կզրկեին ծնողական իրավունքից ու հավանաբար սա այն դեպքերից է, երբ նման որոշումը միանգամայն ողջունելի կլիներ:

Չկա որևէ երաշխիք, որ չէր հայտնվի նման ծնողի պես անադեկվատ մեկ այլ մարդ, ով մեքենան չէր վարի երեխաների ուղղությամբ ու նրանց չէր ենթարկի տրավմատիկ շոկի: Գուցե դրանից հետո հայրը հորթային հրճվանքով իրեն երևակայեր պայքարի աննկուն մարտիկ, սակայն այդ ապրումները հնարավոր է երեխաների առողջության վրա թողնեին անդառնալի հետևանք:

Սակայն, եթե շատերը էյֆորիկ տրամադրությամբ վարակված հավանության են արժանացնում ցանկացած արարք, երբ շատ ծնողներ իրենց երեխաներին տանը ապահով պահած ողջունում են ուրիշների երեխաներին վտանգելու փորձերը, ինչ-որ տեղ գուցեև հասկանալի է, քանի որ մարդիկ եսասեր են ու պատրաստ իրենց նպատակներին հասնելու համար զոհել ցանկացածի կյանքն ու առողջությունը, բացի իրենցից:

Բայց երբ այդ նկարը, «Իմ էսօրվա հերոսներն են իրանք», գրառմամբ իր էջում կիսվում է մանկական հոգեբանը, ապա վստահաբար ասում եմ, որ այդ նույն հոգեբանն ինքը հոգեբանի կարիք ունի:

Մանկական հոգեբանի առաջնային ու հիմնական նպատակն է երեխաներին զերծ պահել, այլ ոչ թե նպաստել հոգեբանական ցնցումների:

Մանկական հոգեբանի առաջնային խնդիրն է երեխաներին դուրս բերել տրավմատիկ իրավիճակներից, այլ ոչ նպաստել նման իրավիճակներում հայտնվելուն:

Մանկական հոգեբանի առաջնային խնդիրն է երեխաների շուրջ անվտանգ մթնոլորտի ստեղծումը, այլ ոչ վտանգների առաջացումը…

Ինչևէ, խոսքը հոգեբան-հոգեթերապևտ Անուշ Ալեքսանյանի մասին է, ով աշխատում է նաև ՀՀ կրթության և գիտության նախարարությունում: Կարծում եմ` երեխաներին ու ոչ միայն երեխաներին պետք է կիլոմետրերով հեռու պահել նման հոգեբաններից:

Կարեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում