Գարո Փայլանը Թուրքիայի իշխանություններին կոչ է արել քաղաքացիություն շնորհել ցեղասպանության զոհերի ժառանգներին

Գարո Փայլանը Թուրքիայի իշխանություններին կոչ է արել քաղաքացիություն շնորհել ցեղասպանության զոհերի ժառանգներին

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից (HDP) հայազգի պատգամավոր Գարո Թայլանը օրինագիծ է ներկայացրել ԹԱՄԺ և դիմելով Թուրքիայի իշխանություններին և կոչ արել նախ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ապա քաղաքացիություն շնորհել ցեղասպանության զոհերի ժառանգներին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Ստամբուլի հայկական «Ակօս» պարբերականը:

Գարո Փայլանի կողմից Թուրքիայի ազգային մեծ ժողով ներկայացված օրինագծում մի քանի անգամ շեշտված է ցեղասպանություն եզրույթը:

Օրինագծում Փայլանը ցեղասպանության ճանաչումից և զոհերի ժառանգներին քաղաքացիություն շնորհելուց բացի պահանջել է դադարեցնել հասարակական վայրերը ցեղասպանության հանցագործների անուններով կոչելու պրակտիկան:

Փայլանը միջազգային ասպարեզից օրինակներ է բերել, երբ երկրներն առերեսվել են իրենց կատարած ոճրագործության հետ և քաղաքացիություն շնորհել տուժածների ժառանգներին:

«Օրինակ` Արգենտինան, որը երկար տարիներ հերքում էր իր կատարածը ի վերջո ընդունեց: Պորտուգալիան, Իսպանիան և մի շարք այլ երկրներ քաղաքացիություն շնորհեցին նախկինում այդ երկրներից արտաքսված հրեաներին»,- օրինակներ բերելով Թուրքիայի իշխանություններին է դիմել Փայլանը:

«Ցեղասպանությունից անցել է 103 տարի և այդ տարիների ընթացքում ողջ մնացած հայերը պայքարել են արդարության վերականգնման համար: Ցեղասպանությունից տուժած միլիոնավոր հայեր մահացել են առանց վայելելու արդարության հասնելու զգացումը: Հայոց ցեղասպանության հարցը պետք է քննարկվի հենց Թուրքիայի մեջլիսում և երբ դա տեղի ունենա այդ թեման կդադարի քննարկվել այլ խորհրդարաններում»,-խոսքում նշել է հայազգի պատգամավորը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում