Բնապահպանության փոխնախարարը Հայաստանը զբոսաշրջության ֆենոմենալ ներուժ ունեցող երկիր է համարում

Բնապահպանության փոխնախարարը Հայաստանը զբոսաշրջության ֆենոմենալ ներուժ ունեցող երկիր է համարում

Հայաստանը զբոսաշրջային ֆենոմենալ ներուժ ունի իր հարուստ կենսաբազմազանությամբ և առանձնահատուկ լանդշաֆտով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման տեսակետ արտահայտեց ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը «In Tour Expo» և «SportWay» ցուցահանդեսների բացմանը: «Այս ցուցահանդեսը կարևոր հարթակ է դարձել մեզ համար, որտեղ հնարավորություն ունենք ներկայացնելու բնության հատուկ տարածքների ու «Հայ Անտառ»-ի ներքո գտնվող այն հիանալի բնաշխարհը, որը կարևոր նախապայման է Հայաստան այցելող ցանկացած զբոսաշրջիկի համար»,-ասաց փոխնախարարը: Կարևորելով էկոտուրիզմի զարգացումը՝ Խաչիկ Հակոբյանը նշեց, որ իրենք իրականացնում են նշյալ տարածքների կառավարումն ու սպասարկումը՝ այն առավել հարմարավետ դարձնելով զբոսաշրջիկների համար: Եթե 2010 թվականին բնության հատուկ պահպանվող տարածքներ են այցելել մի քանի հազար էկոզբոսաշրջիկ, 2017-ին՝ թիվը գերազանցել է 550 հազարը:

Խաչիկ Հակոբյանը ներկայացրեց նաև նախարարության՝ ընթացիկ տարվա ծրագրերը: «2018-ի հունիսին մենք կբացենք տեղեկատվական կենտրոն, որը կծառայի Երևանում գտնվող բոլոր զբոսաշրջիկներին, ոլորտում կներդնենք միասնական վճարային համակարգ, բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացվելիք բնապահպանական փառատոնային օրացույց կներդնենք, կկազմակերպենք կանոնավոր երթեր այդ տարածքներ, կկահավորենք ճամբարային զոնաները, որպեսզի զբոսաշրջիկներն իրենց մեքենաներով այցելեն ու կարողանան կայանել, ապա հիանալ մեր բնությամբ»,-ասաց փոխնախարարը:

Այս տարի ավարտին կհասցվեն նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությամբ կենսոլորտային տարածքների և գեոպարկերի ձևավորման ծրագրերը: «2018-ին «Դիլիջան» ազգային պարկում կունենանք հատուկ առանձնացված տարածքները: Իսկ ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագրի շրջանակում Իրանից արդեն իսկ երեք եղջերու է տեղափոխվել, սա էական գրավչություն է այս ոլորտի սիրահարների համար»,-հավելեց Խաչիկ Հակոբյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում