Կա երրորդ ճանապարհ. Էդմոն Մարուքյան

Կա երրորդ ճանապարհ. Էդմոն Մարուքյան

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարցազրույց է տվել «Առաջին լրատվականին», որում անդրադարձել է երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակին։ Պատգամավորն ասել է, որ չի միանում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի փողոցային պայքային, նաև չի միանում վարչապետ Սերժ Սարգսյանին։

– Իշխանություններ, մասնավորապես, Սերժ Սարգսյանը կոչ է արել երկխոսության, որը Նիկոլ Փաշինյանի կողից մերժվեց: Իշխանությունների այս առաջարկը պաշտպանում է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Ո՞րն է Ձեր տեսակետը և իրավիճակի հանգուցալուծաման ի՞նչ ելք եք Դուք տեսնում:

-Իրապես շատ ծանր, լարված իրավիճակ է հիմա երկրում և այն քաոսային արագությամբ զարգանում է: Նաև պետք է ասեմ, որ զարգանում է բոլոր առումներով՝ և՛ համաժողովրդական շարժման, ինչպես կցանկանաք այն վերնագրել, և՛ իշխանական կողմից:

Տեսնում եք՝ ինչ ուժեր են կուտակվում, հետո տարվում, հետո նորից բերվում, հետո քաղաքացիական անձիք են գալիս, հետո գնում են: Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանի առաջարկը բավականին ուշացած առաջարկ է, որովհետև, օրինակ, Դաշնակությունն էլ առաջարկում է, որ երկխոսության պլատֆորմ լինի, բայց խնդիրը հետևյալում է՝ մարդիկ հավատ չունեն: Երբ ես ասում էի՝ Սերժ Սարգսյան, մենք գիտեինք, որ Դուք ոչ մի բան չեք փոխելու: Եվ ի՞նչ արեց Սերժ Սարգսյանը. մեծ արագությամբ վերանշանակեց բոլոր նույն նախարարներին: Այսինքն՝ ինքն ի՞նչ էր ուզում դրանով ասել, ի՞նչ ուղերձ է տալիս: Հիմա ինչի՞ մասին է Սերժ Սարգսյանի երկխոսության կոչը: Ի՞նչ է ուզում որ երկխոսեն: Հիմա իրավիճակը հետևյալն է. Սերժ Սարգսյանը բոլորին ասում է՝ ես հրաժարական չեմ տալու: Եվ ասում է՝ եկեք երկխոսենք, բայց այդ հայտարարության մեջ չկա բովանդակություն, չկա՝ ինչի՞ մասին երկխոսենք: Ինչի՞ մասին պետք է Ձեզ հետ խոսեն, պարոն Սերժ Սարգսյան: Այն, որ իրավիճակը կատաստրոֆիկ լարված է, դա միանշանակ է, դա բոլորս գիտենք: Մյուս կողից՝ կողմներն ի՞նչ են անում, որ իրավիճակը չսրվի: Սերժ Սարգսյանն ասում է՝ ես հրաժարական չեմ տալու, եկեք երկխոսենք, եթե՝ ոչ, անդառնալի հետևանքներ կլինեն: Մեր շատ սիրելի Նիկոլ Փաշինյանն էլ ասում է՝ Սերժ Սարգսյանը քաղաքական դիակ է, նրա հետ երկխոսելու բան չկա: Այսինքն՝ երկու կողմերն էլ փոխզիջելու բան չեն թողնում և շարժվում են առաջ: Այդ շարժվելու արդյունքում մենք ունենք մի իրավիճակ, որը ծայրահեղ լարված է, և ես այդ լարվածությունը զգում եմ օդում, զանգերում, սոցցաներում, փողոցում: Իշխանությունը որևէ կերպ ադեկվատ չէ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում