Էդմոն Մարուքյանը Սերժ Սարգսյանին և Նիկոլ Փաշինյանին խնդրում է տարբերակներ մտածել ու ևս մեկ անգամ հանդիպել

Էդմոն Մարուքյանը Սերժ Սարգսյանին և Նիկոլ Փաշինյանին խնդրում է տարբերակներ մտածել ու ևս մեկ անգամ հանդիպել

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը կարևոր ու պատմական է համարում վարչապետ Սերժ Սարգսյանի և Ազգային ժողովի պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը և կողմերին խնդրում է տարբերակներ մտածել և ևս մեկ անգամ հանդիպել: Կողմերին հղած տեսաուղերձում Էդմոն Մարուքյանը շեշտում է, որ հարկավոր է ամեն ինչ անել անդառնալի հետևանքներից խուսափելու համար: Նշենք, որ «Ելք» խմբակցության մյուս ուժերը չեն սատարում Փաշինյանի հանրահավաքային պայքարին:

«Ես նոր հետևում էի Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի պատմական հանդիպմանը: Ես կարծում եմ, որ մենք լուրջ ձեռքբերում ունենք, այդ հանդիպումը շատ կարևոր էր: Եվ ես մի խնդրանք ունեմ, որ պարոն Սարգսյանը, պարոն Փաշինյանը մեկ ժամ ևս հանգստանան, մտածեն, տարբերակներ մտածեն և նորից հանդիպեն, քննարկեն:

Շատ կարևոր էր ձեր հանդիպումը, ես կրկնում եմ` սա պատմական հանդիպում էր: Ես ձեզ խնդրում եմ պարոն Սարգսյան, պարոն Փաշինյան, իմ լավ ընկեր, ես ձեզ խնդրում եմ ևս մեկ անգամ հնարավորություն գտեք, խոսեք և տարբերակները քննարկեք: Ես երեկ էլ եմ կոչով հանդես եկել, և մենք պետք է ամեն բան անենք, որպեսզի խուսափենք անդառնալի հետևանքներից»,- ասաց Մարուքյանը:

Նա հավելեց, որ իրենք ճանապարհին են, մեկնում են Ստրասբուրգ, որտեղ մասնակցելու են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանին` շեշտելով, որ ակնհայտ է, որ Ստրասբուրգում թիվ մեկ թեման լինելու է Հայաստանում տիրող իրավիճակը: «Ակնհայտ է, որ իրավիճակը և դեպքերի զարգացումը շատ վատ է լինելու, եթե դուք կրկին չհանդիպեք: Ես կոչ եմ անում կրկին անգամ հանդիպել, և այդ հանդիպումը կարող է բազմաթիվ հարցեր լուծել»: Ես վստահ եմ, որ կա երրորդ ճանապարհ և կարելի է այդ ճանապարհի շուրջ խոսել: Այսինքն, երկու կողմերի մաքսիմալիստական մոտեցումները պետք է մի նիշ իջեցվեն ներքև, և երրորդ ճանապարհի շուրջ խոսվի: Ես շատ եմ ձեզ խնդրում»,- եզրափակեց Էդմոն Մարուքյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում