Մայր Աթոռի կողմից եկեղեցականները ներգրավված են Երևանում իրադրության հանդարտեցման գործընթացին

Մայր Աթոռի կողմից եկեղեցականները ներգրավված են Երևանում իրադրության հանդարտեցման գործընթացին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ապրիլի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ:

Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Արցախի Հանրապետության Նախագահն իրենց մտահոգությունը արտահայտեցին Երևանում տեղ գտած վերջին օրերի իրադարձությունների կապակցությամբ: Նորին Սրբությունը ցավով նշեց, որ երկխոսությանն ուղղված ջանքերը որևիցե դրական արդյունք չապահովեցին, և ցուցարարների ու ոստիկանության միջև տեղի ունեցավ բախում:

«Մենք հույս ունենք և աղոթում ենք, որ իրավիճակը շուտափույթ հանդարտվի և վերականգնվի կյանքի բնականոն ընթացքը», – ասաց Հայոց Հայրապետը` հավելելով, որ Մայր Աթոռի կողմից եկեղեցականներ ներգրավված են այս գործընթացների մեջ՝ ջանքեր գործադրելու` կանխելու բախումները և դրանց ծանր հետևանքները:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Արցախի Նախագահի կողմից ընդգծվեց, որ անթույլատրելի են տեղ գտած երևույթները, որոնք խաթարում են ազգային միաբանությունը և այդպիսով վտանգում անվտանգությունը Արցախի և հայրենի սահմանների: Արձանագրվեց, որ կենսական անհրաժեշտություն է երկրում ներքաղաքական կայունության պահպանումը և երկխոսության միջոցով խնդիրների հանգուցալուծումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում