Արամ Սարգսյանը Հայաստանում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը հրապարակում չի տեսնում

Արամ Սարգսյանը Հայաստանում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը հրապարակում չի տեսնում

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը Հայաստանում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը հրապարակում չի տեսնում: «Եքը հրապարակում չէ, ելքը և դահլիճում է, և հրապարակում: Եթե երկու տեղում ելք չի գտնվում, խնդիրը գնում է առճակատման»,-նշեց Արամ Սարգսյանը՝ կոչ անելով կրկին երկխոսության և բանակցությունների եզրեր գտնել:

Նա ընդգծում է, որ լինելով Վազգեն Սարգսյանի (ՀՀ պաշտպանության առաջին նախարարը 1991-1992 և 1995-1999 թվականներ, ՀՀ վարչապետ՝ 1999 հունիսի 11-ից հոկտեմբերի 27-ը- խմբ.) եղբայրը՝ չի կարող պետության և պետականության, ինչպես նաև ժողովրդի կողքին չլինել: Նա ցանկանում է խոսել Հայաստանի Հանրապետության շահի տեսանկյունից: Երկխոսությունն, ըստ նրա, այլընտրանք չունի: «Կորսված չի հնարավորությունը, որ Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը կրկին հանդիպեն ու երկխոսություն սկսեն»,-ասաց Սարգսյանը:

Նա կարծում է, որ հանրության հետ խոսել, առաջնորդել, հանդարտության կոչեր անել կարող է միայն այդ հանրությանը հրապարակում հավաքող լիդերը, այդ պատճառով կոչ է անում ազատ արձակել ձերբակալվածներին:

Արամ Սարգսյանի համար ընդունելի չեն տեսակետները, թե այն մարդիկ, ովքեր հրապարակ չեն գնում, ընդդիմադիր չեն: Նա կարծում է, որ շատ մարդիկ չեն գնում հրապարակ հենց նրա համար, որ այդ տարբերակումը դնում են՝ «կամ ինձ հետ ես, կամ նրա հետ ես»: «Մարդը կարող է ազատ, անկախ, պաշտպանված Հայաստան ուզել, բայց մոտեցումներն ու ճանապարհներն այլ կերպ տեսնել»,-նկատեց նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում