Հայաստանի ներքին անկայունությունն ուղիղ ճանապարհ է հարթում հակառակորդի կողմից գործողություններ ձեռնարկելու

Հայաստանի ներքին անկայունությունն ուղիղ ճանապարհ է հարթում հակառակորդի կողմից գործողություններ ձեռնարկելու

Առկա մարտահրավերների պարագայում Ադրբեջանի՝ իր առջև դրված խնդիրների տեսանկյունից Հայաստանի ներքին անկայունությունն ուղիղ ճանապարհ է հարթում նրանց կողմից գործողություններ ձեռնարկելու: Այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ապրիլի 23-ին լրագրողների հետ զրույցում՝ նշելով, որ Պաշտպանության նախարարության պարտքն է որպես պետական կառավարման մարմին հիշեցնել այդ խնդրի մասին, և տարածված տեսանյութը վառ վկայությունն էր նրա, որ Արցախի հետ շփման գծում Ադրբեջանը կենդանի ուժի և զինտեխնիկայի տեղաշարժեր ու կուտակումներ է իրականացնում:

«Հուսով եմ որևէ մեկի մտքով չի անցում, որ կարող էր կեղծված վիդեոնյութ լինել, հուսով եմ, որ բոլորդ հասկանում եք, որ շատ օբյեկտիվ և հասկանալի ձևով իրոք հակառակորդը յուրաքանչյուր վայրկյան հետևում է մեզ մոտ ընթացող զարգացումներին: Մենք պարտավոր ենք որպես պետական կառավարման մարմին հիշեցնել այդ խնդրի մասին: Դա չի կանխում որևէ մեկի ինքնուրույն որոշում կայացնելու իրավունքը, դա չի փոխում մեր պարտավորությունը ցանկացած պարագայում, նույնիսկ եթե ամենածայրահեղ վիճակը լինի ներսում, շարունակել կատարել մեր պարտքը սահմանի վրա, ապահովել մեր երկրի պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնմխելիությունը: Դա մեր սահմանադրական պարտքն է, բայց չէինք կարող չզգուշացնել հասարակությանը վտանգների մասին: Իսկ այդ վտանգները շատ հասկանալի են»,- պարզաբանեց նախարարը:

Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ հակառակորդը հետևում է և եթե տեսնում է, որ ներսում կան գործընթացներ, որոնք ավելի զբաղված են պահում ներսում, դրսի սահմանի վրա հնարավոր է փորձել որևէ այլ բան: Երբ արգելափակված է պետական կառավարման համակարգը, որի փորձը ակցիաների կազմակերպիչները բացահայտ հայտարարում են՝ պետական մարմինները լիարժեք չեն գործում, ճանապարհներն են փակված, ակնհայտ է, որ պաշտպանական գործառույթը բարդանում է:

Իսկ գործառույթի մեջ լարվածության պարագայում առաջին գործն է պետությունը խաղաղից պատերազմական վիճակի տեղափոխումը, որը շատ բարդ միջոցառումների ամբողջություն է: «Հիմա կարելի՞ է չնկատել: Ասել՝ լավ եթե հանկարծ լինի, բոլորս կսթափվենք, կանենք այլ կերպ: Մեր պարտքն է պաշտպանության նախարարությունում վարվել այլ կերպ: Ռեսուրսների կառավարման խնդիր կա: Ենթադրենք ԱԳՆ շենքն արգելափակված է: Դա պաշտպանության գործին նպաստո՞ւմ է, թե խանգարում: Պատերազմական վիճակի անցնելու լարվածության պարագայում գործողությունների մեջ չափազանց կարևոր է զորահավաքային աշխատանքը: Զինկոմիսարիատները պետք է ի վիճակի լինեն մեր քաղաքացիների, զորահավաքային ռեսուրսի հետ աշխատել: Ի՞նչ եք կարծում լարվածության ֆոնի վրա՝ զինկոմիսարիատը դա կարողանալու է լիարժեք անել, թե ոչ: Դա է եղել նաև կոլեգիայի ասելիքը, իսկ կոլեգիայի լռությունը կնշանակեր, որ մենք ինչ-որ բան թերի ենք անում և չենք գնահատում առկա վիճակները և վտանգները»,-նշեց նախարար Սարգսյանը՝ հիշատակելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կոլեգիայի՝ ապրիլի 22-ի հայտարարությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում