Երևանից Լիոն կարելի է հասնել կարճ ժամանակում, մատչելի և հարմարավետ չվերթով

Երևանից Լիոն կարելի է հասնել կարճ ժամանակում, մատչելի և հարմարավետ չվերթով

Այսուհետև Երևանից Լիոն հնարավոր կլինի հասնել ուղիղ չվերթով՝ ընդամենը 4 ժամ 10 րոպեում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ ուղղությամբ միակ կանոնավոր թռիչք իրականացնող «Արմենիա» ավիաընկերությունը ուղղությունն ընտրել է հաշվի առնելով Լիոնի աշխարհագրական դիրքը, Սենտ-Էքզյուպերիի անվան օդանավակայանում վայրէջքների և չվերթների քանակը: «Արմենիա» ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ չվերթի գները բավական մրցունակ են: «Մենք սովոր ենք Եվրոպա թռչել գիշերային ժամերին: Այս ուղղությունը մեզ հնարավորություն է տալիս Լիոն ուղևորվել ցերեկային ժամի, ինչը բավական հարմար է: Տոմսի գինը մեկ ուղղության պարագայում արժե 161 եվրոյին համարժեք դրամ, երկու ուղղության համար՝ 360 եվրոյին համարժեք դրամ»,-ասաց նա:

Հայաստանի Քաղավիացիայի վարչության պետ Սերգեյ Ավետիսյանի խոսքով՝ չվերթը պահանջված է՝ հաշվի առնելով Լիոնում հայկական մեծ համայնքի առկայությունը: «Ես վստահ եմ, որ չվերթը կլինի հանրության կողմից ընդունելի: Սա այն հերթական քայլերից է, որոնք հնարավորություն կտան մեր քաղաքացիներին և զբոսաշրջիկներին այցելել մեր երկիր, և շուկայի այն բացը, որը կար, այս չվերթով կլրացնենք»,-ասաց նա:

Անդրադառնալով նոր ուղղություններին՝ Սերգեյ Ավետիսյանն ասաց, որ սպասվում են նոր չվերթներ: «Մենք մշտապես աշխատում ենք բոլոր ավիաընկերությունների հետ՝ ընդլայնելու համար մեր աշխարհագրական քարտեզը»,-հավելեց նա:

Երևան-Լիոն-Երևան առաջին կանոնավոր չվերթը կայացել է ապրիլի 19-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում