Աղվան Վարդանյանը Սերժ Սարգսյանի քայլը որակեց որպես պետական պատասխանատվություն ունեցող մարդու արարք

Աղվան Վարդանյանը Սերժ Սարգսյանի քայլը որակեց որպես պետական պատասխանատվություն ունեցող մարդու արարք

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը Սերժ Սարգսյանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնից հրաժարվելու քայլը որակում է որպես պետական պատասխանատվություն ունեցող գործչի արարք: «Արմենպրես»-ի հետ զրույցում Վարդանյանն ընդգծեց, որ Սերժ Սարգսյանի այս քայլով երկրում կստեղծվի համախմբվածություն և հայտարարված խնդիրները կլուծվեն:

«Սերժ Սարգսյանի քայլը գնահատում եմ իբրև պետական պատասխանատվություն ունեցող մարդու արարք, շատ քչերը կկարողանային նման քայլ կատարել և ասել, «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի»: Շատ կարևոր է, որ բոլորս գիտակցենք, որ Սերժ Սարգսյանի երկար ծառայությունը մեր երկրին միայն սև գույնով պետք չէ ներկայացնել, այլ պետք է ասենք նաև նրա երկար տարիների վաստակի մասին մեր երկրի համար: Կարծում եմ, որ հիմա այն պահն է, որ կողմերը կկարողանան բանակցությունների, երկխոսության ռացիոնալ մտածողության ճանապարհով գտնել լավագույն լուծումները: Արդեն մի քանի օր է՝ Հայ հեղափոխական դաշնակցությունը հետևողականորեն պնդում էր, հայտարարում էր և կոնկրետ քայլեր էր անում, որպեսզի հնարավոր լինի բանակցային դաշտ ստեղծել»,- նշեց Վարդանյանը: Նրա խոսքով՝ այժմ հնարավոր է իրական բանակցություն, երկխոսություն իրականացնել և սա էլ իր հերթին հնարավորություն կտա այս համաժողովրդական զարթոնքից դուրս գալ ոչ թե բախումներով, այլ շատ ավելի ուժեղ, հզոր և կազմակերպված:

Հետևեք մեզ նաև Telegram-ում