Արտակ Զաքարյանը պետականությունը միասնական և ուժեղ բռունցքված լինելով պահպանելու կոչ է արել

Արտակ Զաքարյանը պետականությունը միասնական և ուժեղ բռունցքված լինելով պահպանելու կոչ է արել

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը ապրիլի 24-ի խորհուրդն է համարում Հայոց պետականության ամրացումը, ժողովրդի պահանջատիրությունն ազգային և պետական խնդիրների նկատմամբ: Այս մասին ապրիլի 24-ին լրագրողների հետ զրույցում նշեց նա:

«Կարծում եմ` Հայոց պետականության վերածնունդը, որի 100-ամյակը նշելու ենք շուտով, նաև Եղեռնից քաղված դասերի արդյունք է: Ներկայիս անկախ, ինքնիշխան պետությունում, որը բոլորիս համար թանկ է, կան անցյալի հուշեր և մի շատ կարևոր բաց թողնված դաս. պետք է մեր պետությունը, պետականությունը պահել միայն միասնական և ուժեղ բռունցքված լինելով, մեր շուրջը լավ հասկանալով, մեզ լավ ճանաչելով և մեր ապագան հնարավորինս պարզ տեսնելով»,-ասաց Զաքարյանը:

Նրա խոսքով` մեր պահանջատիրությունը, Ցեղասպանության վերաբերյալ զգայուն մոտեցումը, սերունդներից և աշխարհից ունեցած ակնկալիքները բխում են նաև նրանից, որ հայերն ակամայից դարձել են մարդկության դեմ գործված ամենամեծ հանցանքներից մեկի զոհերը: «Մենք դարձել ենք ամենամեծ հանցանքն այլևս կրկնելի և հնարավոր չդարձնելու առաջամարտիկը, և մեզ հաջողվել է անել դա տարիների ընթացքում անընդհատ խնդիրը բարձրաձայնելով, անընդհատ մերժողականության դեմ պայքարելով»,-շեշտեց նա:

Արտակ Զաքարյանն ընդգծեց, որ ապրիլի 24-ի խորհուրդը մեկն է` ամրացնել պետականությունը և միշտ պահանջատեր լինել ազգային և պետական խնդիրների նկատմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում