ԱՄՆ-ը ձգտում է «իրադարձությունների ազնիվ ու շիտակ ճանաչման». դեսպան Միլսը Հայոց ցեղասպանության դատապարտման մասին

ԱՄՆ-ը ձգտում է «իրադարձությունների ազնիվ ու շիտակ ճանաչման». դեսպան Միլսը Հայոց ցեղասպանության դատապարտման մասին

Ամերիկայի Միացյալ Նահանգերի կառավարությունն ու ժողովուրդը չեն մոռանում Օսմանյան կասրությունում զոհ գնացած 1.5 միլիոն հայերին: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:

«Ես այսօր այստեղ եմ Ամերիկայի ժողովրդի անունից, հարգանքի տուրք մատուցելու այն մարդկանց, ովքեր իրենց կյանքը կորցրին 20-րդ դարում տեղի ունեցած վատթարագույն վայրագություններից մեկի ժամանակ: Միացյալ Նահանգների կառավարությունն ու ժողովուրդը չեն մոռանում այն մեկուկես միլիոն հայերին, ովքեր Օսմանյան կայսրությունում զոհ գնացին կոտորածներին»,-ասաց ԱՄՆ դեսպանը։

Նրա խոսքով՝ իրենք հիշում են նաև այն մարդկանց, ովքեր օգնել են տուժածներին, նպաստել են Հայաստանի ապագայի կերտմանը: Դեսպան Միլսը հիշատակեց նաև այն հայերին, ովքեր հանգրվան են գտել Միացյալ Նահանգներում և իրենց ներդրումն ու վաստակն ունեցել Ամերիկայի կյանքում:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին՝ Ռիչարդ Միլսը նշեց, որ իրենք ձգտում են ու ջանք գործադրում՝ հանուն «իրադարձությունների ազնիվ ու շիտակ ճանաչման»: «Այդ շիտակ ճանաչումը կարող է հաշտություն բերել բոլոր կողմերի համար»,-հայտնեց դեսպանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում