ԵՄ-ն աջակցում է Հայաստանում ստեղծված իրավիճակին երկխոսության միջոցով լուծում տալու ջանքերին

ԵՄ-ն աջակցում է Հայաստանում ստեղծված իրավիճակին երկխոսության միջոցով լուծում տալու ջանքերին

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, խոսելով Հայաստանում վերջին օրերի իրադարձությունների մասին, ասաց՝ դրանք ցույց տվեցին, որ հայերի համար կարևոր արժեքները Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի հենքն են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման կարծիք հայտնեց լրագրողների հետ զրույցում:

«Մենք աջակցում ենք այն բոլոր ջանքերին, որոնք ուղղված են երկխոսության միջոցով այս ներքին քաղաքական ճգնաժամին խոհեմ լուծու տալուն: Եվրամիությունը կաջակցի ժողովրդավարության ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, արդարադատությանը, օրենքի գերակայությանը»,-ասաց Սվիտալսկին:

Նրա հավաստմամբ՝ ԵՄ-ն Հայաստանի և հայերի հետ կլինի ողջ ընթացքում: Հարցին՝ թե ինչ ազդեցություն կունենան վերջին իրադարձությունները Հայաստան-ԵՄ համաձայնագրի իրականացման գործընթացի վրա, Սվիտալսկին պատասխանեց՝ ԵՄ-ն հավատում է, որ մենք ունենք շատ հավակնոտ օրակարգ և շարունակելու ենք աշխատել այդ համաձայնագրի իրականացման ուղղությամբ: «Այս իրադարձությունները ցույց տվեցին, որ հենց այն արժեքները, որոնք կարևոր են հայերի համար, կազմում են Հայաստան-ԵՄ համաձայնագրի հենքը: Մենք կաշխատենք Հայաստանի հետ այս համաձայնագրի իրականացման ուղղությամբ ավելի ջանասիրաբար և եռանդով, քան նախկինում»,-եզրափակեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում