«Ծառուկյան» խմբակցությունը սպասում է բանակցությունների արդյունքներին և ժողովրդի կամքը համարում առաջնահերթ

«Ծառուկյան» խմբակցությունը սպասում է բանակցությունների արդյունքներին և ժողովրդի կամքը համարում առաջնահերթ

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցությունն սպասում է ապրիլի 25-ին սպասվող բանակցությունների արդյունքին՝ իր քաղաքական թիմի ներսում հետագա քննարկումներ ծավալելու համար: Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:

«Ժողովրդի կամքն է առաջնահերթ, մեր պետականության անսասանությունն է առաջնահերթ, որպեսզի մեր երկրում դրական փոփոխություններ տեղի ունենան»,-ասաց Վահե Էնֆիաջյանը:

Ինչ վերաբերում է շարժմանը միանալու «ուշացած» հայտարարությանը, ապա Էնֆիաջյանը նկատեց, որ իրենք ավելի շուտ էին արձագանքել: «Երբ մեր գործընկերներ Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի և Սասուն Միքայելյանի նկատմամբ բռնություն կիրառեցին, մենք՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, համապատասխան հայտարարությամբ ներկայացրեցին մոտեցումները, որ մեր գործընկերներին անհապաղ ազատ արձակեն»,-ասաց պատգամավորը: Բացի այդ՝ ըստ նրա, կոչ էին արել Նիկոլ Փաշինյանի առաջարկած օրակարգով բանակցությունների սեղանի շուրջ նստել:

«Երբ մեր գործընկերներին ուզում էին անձեռնմխելիությունից զրկել, «Ծառուկյան» դաշինքը չի մասնակցել ու թույլ չի տվել, որ նման նախաձեռնություն տեղի ունենա: Վերջնական որոշմանը մեր քաղաքական որոշումն էլ է նպաստել»,-եզրափակեց Վահե Էնֆիաջյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում