Թուրքիան վաղ թե ուշ պետք է ընդունի իր նախնիների ոճրագործությունը

Թուրքիան վաղ թե ուշ պետք է ընդունի իր նախնիների ոճրագործությունը

Թուրքիան վաղ թե ուշ պետք է ընդունի իր նախնիների կատարած ոճրագործությունը: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում անմար կրակի մոտ 1915 թվականին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ ունեցած զրույցում այս մասին նշեց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը:

«Անցյալից մենք պետք է դասեր քաղենք, ամբողջ աշխարհը պետք է հետևություն անի: Իհարկե, նման ոճրագործությունները կանխելու համար միայն դասեր քաղելը քիչ է, մենք պետք է շարունակենք մեր ձայնը բարձրացնել: Ամբողջ աշխարհը պետք է նման ոճրագործությունների համար պայքարի, որ այլևս այդպիսի բան չկրկնվի: Թուրքիան վաղ թե ուշ պետք է ընդունի իր նախնիների կատարած ոճրագործությունը»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:

Օսմանյան կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրեքներով, բանաձեւերով եւ բազմաթիվ երկրների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով: 1915թ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության զանգվածային կոտորածները որպես նախապես ծրագրավորված ու ամբողջությամբ իրագործված ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է: Հայոց ցեղասպանությունն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը, ՄԵՐԿՈՍՈւՐ-ի խորհրդարանը եւ այլն: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շատ պետություններ. առաջինը պաշտոնապես ընդունել է Ուրուգվայը 1965 թ.: Հայ ժողովրդի կոտորածը պաշտոնապես դատապարտել եւ ճանաչել են որպես ցեղասպանություն` ըստ միջազգային իրավունքի, հետեւյալ երկրները. Ֆրանսիա, Իտալիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Շվեյցարիա, Շվեդիա, Ռուսաստան, Լեհաստան, Լիտվա, Հունաստան, Սլովակիա, Կիպրոս, Լիբանան, Ուրուգվայ, Արգենտինա (2 օրենք, 5 բանաձեւ), Վենեսուելա, Չիլի, Բոլիվիա, Կանադա, Վատիկան, Ավստրիա, Լյուքսեմբուրգ, Գերմանիա, Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգը, ԱՄՆ 48 նահանգներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում