Ապրիլի 24-ը կարեւոր օր է նաեւ Ֆրանսիայի համար. Ժոնաթան Լաքոտ

Ապրիլի 24-ը կարեւոր օր է նաեւ Ֆրանսիայի համար. Ժոնաթան Լաքոտ

Ապրիլի 24-ը չափազանց կարեւոր օր է Ֆրանսիայի համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը:

«Շատ կարևոր է ունենալ 1915 թվականի զոհերի հիշատակի եւ խոկման օր: Այն կարևոր օր է Ֆրանսիայի համար, քանի որ այս տարի ապրիլի 24-ը ազգային հիշատակման օր է: Ցեղասպանության հիշատակման օրը ոչ միայն հայերի, այլ համաշխարհային հիշատակման օր է»,-նշեց նա:

Օսմանյան կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձեւերով եւ բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով: 1915թ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության մասսայական կոտորածները որպես նախապես ծրագրավորված ու ամբողջությամբ իրագործված ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է: Հայոց ցեղասպանությունն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը, Հարավային Ամերիկայի խոշորագույն կազմակերպություններից մեկի` ՄԵՐԿՈՍՈւՐ-ի խորհրդարանը եւ այլն: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շատ պետություններ. առաջինը պաշտոնապես ընդունել է Ուրուգվայը 1965 թ.: Հայ ժողովրդի կոտորածը պաշտոնապես դատապարտել եւ ճանաչել են որպես ցեղասպանություն` ըստ միջազգային իրավունքի, հետեւյալ երկրները` Ֆրանսիա, Իտալիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Շվեյցարիա, Շվեդիա, Ռուսաստան, Լեհաստան, Լիտվա, Հունաստան, Սլովակիա, Կիպրոս, Լիբանան, Ուրուգվայ, Պարագվայ, Արգենտինա (2 օրենք, 5 բանաձեւ), Վենեսուելա, Չիլի, Բոլիվիա, Կանադա, Վատիկան, Ավստրիա, Լյուքսեմբուրգ, Գերմանիա, Չեխիա, Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգը, ԱՄՆ նահանգներից 48-ը՝ բացի Ալաբամայից և Միսիսիպիից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում