Հրապարակվել է Ադրբեջանի ժողովրդից Ալիևների ընտանիքի թալանած ունեցվածքի հերթական մասը

Հրապարակվել է Ադրբեջանի ժողովրդից Ալիևների ընտանիքի թալանած ունեցվածքի հերթական մասը

The Guardian թերթը Ադրբեջանի նախագահական ընտանիքի՝ Ադրբեջանի ժողովրդից թալանած միլիարդների միջոցով Դուբայում ձեռք բերված ունեցվածքի վերաբերյալ նոր տեղեկություններ է հրապարակել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Հոդվածի հեղինակ Ջուլիետ Գարսիդը գրում է, որ Դուբայի Կումերյա պալմա արհեստական կղզու վրա գտնվող Սոֆիտել հյուրանոցային համալիրը, որի սեփականատերերի անունը խնամքով թաքցվում է պատկանում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դուստրերին՝ Լեյլա և Արզու Ալիևաներին:

Կազմակերպված հանցագործության և կաշառակերության լուսաբանման նախագծի (Organized Crime and Corruption Reporting Project) տեղեկությունների համաձայն՝ Սոֆիտելի շենքը պատկանում է Դուբայում գրանցված և գործունեություն ծավալող Սահարա FZCO անունով ընկերությանը, որն ըստ անանուն աղբյուրների պատկանում է Ալիևի դուստրերին:

Տեղեկության համաձայն՝ ալիևյան ընտանիքին պատկանող Սահարա ընկերությանը բացի Սոֆիտել հյուրանոցային համալիրից պատկանում են նաև Կումերյա կղզու տարբեր հատվածներում գտնվող 16 թանկարժեք վիլլաներ, որոնց միջին արժեքը կազմում է 2 մլն դոլար: Աղբյուրը հաղորդում է, որ Կումերյա կղզում ալիևյան ընտանիքին պատկանող ընդհանուր անշարժ գույքի արժեքը կազմում է մոտ 70 մլն դոլար:

Կազմակերպված հանցագործության և կաշառակերության լուսաբանման նախագծի (Organized Crime and Corruption Reporting Project) հաղորդմամբ՝ բոլոր ներդրումները կատարվել են Մալթայում գործող Պիլատուս բանկի միջոցով, որը նույնպես պատկանում Է Իլհամ Ալիևի ընտանիքին:

Միջազգային մամուլում ժամանակ առ ժամանակ լրագրողական հետազոտությունների արդյունքներով հրապարակումներ են արվել Ադրբեջանում, տարբեր երկրներում, արտասահմանյան եւ տեղական ընկերություններում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ նրա ընտանիքի անդամների ձեռք բերած միլիարդավոր դոլարների հասնող ունեցվածքի մասին:

Մալթացի լրագրող Դաֆնա Գալիցիան Pilatus բանկի վերաբերյալ հոդվածում հայտնել էր, որ Բանկի դեպոզիտների 60 տոկոսը պատկանում են Ադրբեջանի ալիևյան նախագահական ընտանիքին և Ադրբեջանի Արտակարգ իրավիճակների նախարար, ալիևյան կլանի ներկայացուցիչ Քեմալադդին Հեյդարովին:

Լրագրողը նաև տեղեկացրել էր, որ Pilatus բանկի միջոցով 1 մլն դոլար է փոխանցվել Մալթայի վարչապետ Ժոզեֆ Մուսկատի կնոջը պատկանող ընկերությանը:

Լրագրող Դաֆնա Գալիցիան 2017 թ. հոկտեմբերին սպանվել է Մալթայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում